168.am-ը գրում է.

Պահպանողականների դաշինքը՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ, Բունդեսթագի ընտրություններից առաջ շարունակում է մեծացնել իր առավելությունը հանգուցային ընդդիմախոսի՝ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) նկատմամբ:

Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի հարցման՝ հունիսի 28-ին հրապարակված արդյունքները, հարցում, որն անցկացրել է Forsa սոցիոլոգիական ինստիտուտը՝ Stern հանդեսի եւ RTL հեռուստաալիքի պատվերով:

Այսպիսով սոցիալ-դեմոկրատներին չի հաջողվել բեկել միտումը նույնիսկ հունիսի 25-ին անցկացված կուսակցական համագումարից հետո, որտեղ ներկայացվել է նախընտրական ծրագիրը:

Սոցիոլոգների տվյալներով՝ եթե խորհրդարանական ընտրությունները կայանային այս շաբաթ, Մերկելի Քրիստոնեադեմոկրատական եւ Քրիստոնեասոցիալական միությունների (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքից պահպանողականները կստանային ձայների շուրջ 40 տոկոսը: Դա 1 տոկոսային կետով ավելի է, քան մեկ շաբաթ առաջ: Դրա հետ մեկտեղ ԳՍԴԿ-ի վարկանիշը չի փոխվել եւ մնացել է 23 տոկոսի նշագծին, իսկ մրցակիցների միջեւ խզումն աճել Է մինչեւ 17 տոկոսային կետ:

Ձախ կուսակցության եւ «կանաչների» օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 9-ական տոկոսը, Ազատ դեմոկրատական կուսակցության օգտին, որը դիտարկվում Է որպես ապագա կոալիցիայի գծով ՔԴՄ/ՔՍՄ-ի պոտենցիալ կրտսեր գործընկերներից մեկը, 7 տոկոսը: Եվրոսկեպտիկների «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, հարցման արդյունքների համաձայն, նույնպես վայելում է ընտրողների 7 տոկոսի աջակցությունը:

Բունդեսթագի ընտրությունները, որոնց արդյունքներով ձեւավորվելու է կառավարությունը, կանցկացվեն սեպտեմբերի 24-ին: Ներկայում Գերմանիայում կառավարում է Մերկելի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ-ի եւ սոցիալ-դեմոկրատների կոալիցիան: Մերկելի համար սա նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնում գտնվելու արդեն երրորդ ժամկետն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել