Artsakhpress.am-ը գրում է.

«Մենք հիացած ենք ձեր խիզախությամբ, դրանով դուք կանխում եք նոր ցեղասպանությունները»,-այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշի անունից Պատգամավորների պալատում կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ:

Հիշեցնենք, որ 2017թ. ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև:

ԱԺ փոխնախագահը նշել է, որ Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը լրջագույն քայլ էր՝ ի պաշտպանություն մարդու իրավունքների և ընդդեմ ցեղասպանությունների:

«Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարում մարդկության դեմ իրագործված առաջին մեծ աղետն էր և Չեխիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը ձեր երկրի պատասխանն է ընդդեմ բարբարոսության: Հարկ է նշել, որ Թուրքիան 102 տարվա ընթացքում չի փոխվել. շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը: Մենք պետք է միաբանվենք ընդդեմ թուրքական ժխտողականության և հանուն մարդու իրավունքների պաշտպանության»,-ասել է նա:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունելու ուղղությամբ կատարած աշխատանքի, ինչպես նաև չեխ-հայկական միջխորհրդարանական կապերն ամրապնդելու համար ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ ԱԺ պատվո մեդալ, ՀՀ ԱԺ պատվոգիր և ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալ է հանձնել Պատգամավորների պալատի մի շարք պատգամավորների:

Ազգային ժողովի պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը և Վարդան Բոստանջյանը: Ընդունելությանը մասնակցել է նաև Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել