Armsport.am-ը գրում է.

Մեսսին կարիերայի ընթացքում 4-րդ անգամ նվաճեց Ոսկե խաղակոշիկը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին 2016/17 մրցաշրջանի արդյունքներով դարձավ «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիրը. մրցանակ, որն ամեն տարի տրվում է եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկուին:

29-ամյա արգենտինացին Իսպանիայի ավարտված առաջնությունում 34 հանդիպման մասնակցեց և դարձավ 37 գոլի հեղինակ՝ այդ կերպ վաստակելով 74 միավոր: 

Երկրորդ տեղը զբաղեցրել է Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Բաս Դոստը, որը 34 գոլ է խփել (68 միավոր) Պորտուգալիայի առաջնությունում: Լավագույն եռյակը եզրափակել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը (31 գոլ, 62 միավոր):

Նշենք՝ Մեսսին իր կարիերայի ընթացքում 4-րդ անգամ արժանացավ այս մրցանակին: Ավելի վաղ նա եվրոպական առաջնությունների լավագույն ռմբարկու էր դարձել 2010, 2012 և 2013 թվականներին: Այս ցուցանիշով Լիոնելը հավասարվեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որն ավարտված մրցաշրջանում 25 գոլ խփեց իսպանական Պրիմերայում:

«Ոսկե խաղակոշիկի» վարկանիշում ֆուտբոլիստի խփած գոլերի քանակը բազմապատկվում է առաջնության համապատասխան գործակցով: Գոլը, որը խփվել է թոփ-5 ուժեղագույն առաջնություններում, 2 միավոր է գնահատվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել