Tert.am-ը գրում է.

Tert.am-ը տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանի հետ զրուցել է ՀՀ արտաքին պարտքի մասին, որ այս պահին արդեն 5 մլրդի է հասնում: Նրա վստահեցմամբ՝ թեև պարտքի չափը մեծ է, միևնույն է, մենք վտանգավոր գոտում չենք գտնվում, իսկ ներկա պահին ավելացել են նաև պահուստային գումարները:

- Պարո՛ն Խուրշուդյան, ՀՀ արտաքին պարտքը հասնում է 5 միլիարդի, ինչը տնտեսագիտական, փորձագիտական մակարդակում մտավախություն է առաջացնում, որ ՀՀ պարտքի սպասարկման հետ խնդիրներ են լինելու:

- Գումարը մեծ է, հին պարտքի համեմատ էլ մեծ է, քանի որ ֆինանսական ճգնաժամից հետո կտրուկ աճեց՝ Կառավարությունը մեծ վարկեր վերցրեց: Սակայն պարտքի մարումը միայն զուտ բացարձակ գումարը չէ, այլև մի շարք այլ ցուցանիշներ կան և պետք է դրանց նայելով գնահատել: Այդ ցուցանիշները ցույց են տալիս, որ Հայաստանը ռիսկային գոտում չի գտնվում, այսինքն՝ զուտ հուզական առումով թիվը մեծ է, բայց որոշ ցուցանիշներ մեծանալուն զուգահեռ բարելավել են վարկի սպասարկման ցուցանիշները: Մասնագիտական հիմնական մտահոգությունն այն է, որ տնտեսության մեջ չի երևում օգուտը: Ստացվում է, որ պարտք վերցրել ենք, բայց  արդյունքները չեն երևում: Բայց մտահոգությունը՝ գումարը մեծ է, ինչպե՞ս ենք մարելու, չեմ տեսնում, այս պահին կառավարելի մակարդակում է: Մեր արտաքին պարտքը ժամանակի մեջ ցրված է, դա մեկ օրում կամ մեկ տարում  չէ, որ պետք է մարենք, իսկ ընթացքում նորը թողարկենք: Օրինակ՝ եվրաբոնդերը թողարկեցին 500 մլն, որից նախկին 700 մլնի 200 մլնը փակեցինք: Մենք այս կերպ կարողանում ենք պարտքը ժամանակի մեջ պտտել:

- Այդ դեպքում ինչո՞ւ են  մեզ հիմա պարտք տալիս ավելի բարձր տոկոսադրույքով:

- Նախկինում՝ 90-ականներին, Հայաստանը կարողանում էր արտոնյալ պայմաններից օգտվել, որովհետև աղքատ երկիր էր համարվում: Սակայն այդ էժան վարկերն էլ իրենց բնույթով էին պատուհաս, քանի որ շատ կարճաժամկետ էին, նպատակային զարգացման վարկերը քիչ էին, նույնիսկ ցորենի վարկ ենք ունեցել, ստացվել է՝ ցորենը սպառել են, բայց պարտքը մնացել է: Երբ արդեն ՀՀ-ն համարվեց միջին եկամտային երկիր, զրկվեցինք այդ արտոնյալ վարկերից, սակայն դա էլ իր հերթին նոր վարկային հնարավորություններ բացեց, ինչը նաև տոկոսադրույքների բարձրացման բերեց: Պարտքի տոկոսադրույքի բարձրացման պատճառներից մեկն էլ այն էր, որ ՀՀ-ն որոշեց թողարկել եվրոպարտատոմսեր, ինչն արդեն շուկայական տոկոսադրույք է: Եվրաբոնդերը թողարկելու բացասական կողմն այն է, որ տոկոսադրույքը բարձր է, դրականն այն է, որ ցանկացած պահի կարող ես նոր պարտատոմսեր թողարկել: Այստեղ արդեն խնդիր է ծագում՝ ինչպես կառավարել պարտքը, որը մենք ստանում ենք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել