Armenpress.am-ը գրում է.

Երևանում այսօր մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 26-րդ նիստը, որը նախագահում էր ՀՀ Նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նիստի մեկնարկը տրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ: 

Օրակարգը հաստատվելուց հետո ՀՀ Նախագահը շնորհավորել է բոլորին հիմնադրամի 25-րդ տարեդարձի առթիվ: 

«Սա նշանակալի հոբելյան է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համատեքստում: Հիմնադրամը շարունակում է իրականացնել իր բացառիկ առաքելությունը: Բեղմնավոր եւ նպատակային գործունեության շնորհիվ Հիմնադրամը նաև շարունակում է վայելել մեր ժողովրդի համակրանքն ու վստահությունը»,- ասել է Նախագահը: 

Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, հետադարձ հայացք նետելով 25-ամյա ուղուն, նշել է, որ այսօր կարող ենք խոսել հարյուրավոր կիլոմետրեր ճանապարհների, հարյուրավոր դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների մասին, որոնք կառուցվել և կառուցվում են Հայաստանում և Արցախում: 

«Այսօր ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել երկու թվերի վրա. 700.000 նվիրատու և 500.000 շահառու: Կարծում եմ, որ հենց այս երկու թվերը անցած 25-ամյա ուղու ամենախոշոր վկայությունն են: Ի վերջո, դպրոց, հիվանդանոց, կամ ճանապարհ կառուցելը ինքնանպատակ չէ: Մեր առաքելությունը մեր երկիրը մեր իսկ ջանքերով շենացնելն է»,- ասել է Վարդանյանը: 

Նիստը ներկայումս շարունակվում է: Օրակարգում ընդգրկված են վերստուգիչ հանձնաժողովի և «Գրանթ Թորնթոն» աուդիտորական կազմակերպության ներկայացման, ինչպես նաև հիմնադրամի «Մարաթոն-2017»-ի նպատակաուղղվածության հարցերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել