Tert.am-ը գրում է.
 Ֆրանսիայում նախագահի ընտրություններից հետո հայ-ֆրանսիական հարաբերություններում փոփոխություններ չեն լինի: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
 Հարցին՝ ֆրանսահայ համայնքի և հայ-ֆրանսիական հարաբերությունների համար ո՞ր թեկնածուի հաղթանակն է բարենպաստ՝ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի՞, թե՞ Ֆրանսիայի ազգային ճակատը ներկայացնող Մարին Լը Պենի, որոնք անցել են ընտրությունների երկրորդ փուլը, Ալ. Մարկարովը պատասխանեց. «Անկախ նրանից, թե թեկնածուներից որ մեկը կհաղթի, հայ-ֆրանսիական հարաբերություններն ունեն պատմականորեն ձևավորված հիմք և որ մեկն էլ հաղթի՝ շարունակելու է պատմականորեն դրված ավանդույթները, երկու երկրների միջև ձևավորած բարիդրացիական հարաբերությունները»:
 Ալեքսանդր Մարկարովն ասաց, որ Մարին Լը Պենի հոր օրինակով, ում թույլ չտվեցին երկրորդ փուլում դառնալ նախագահ, կասկածներ են առաջանում, որ վերջինս կընտրվի Ֆրանսիայի նախագահ: Իսկ Էմանուել Մակրոնի շուրջ հավաքվելու են բոլոր ուժերը: Այնուամենայնիվ, քաղաքագետը շեշտեց՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները պայմանավորված չեն ու չեն պայմանավորվի անձերով: «Երկու երկրների միջև կա տեսլական, հեռանկարներ, որոնք պահպանվելու են»,- ասաց նա:
 Ինչ վերաբերում է երկու թեկնածուների հայանպաստ հայտարարություններին՝ ղարաբաղյան հարցի կարգավորման ու Հայոց Ցեղասպանության վերաբերյալ, Մարկարովն ասաց, Ֆրանսիան իր վերաբերմունքը ցույց է տվել Հայոց Ցեղասպանության վերաբերյալ ու շարունակելու է պնդել իր դիրքորոշումը: «Ֆրանսիան ճանաչել է, դատապարտել է, հայտարարել է, որ Թուրքիան պետք է պատասխանատվություն կրի: Մնում է՝ Ցեղասպանության եղելությունը մերժելու քրեականացումը, որը ոչ թե նախագահի լիազորության մեջ է, այլ՝ դատական իշխանությունների»,- ասաց Մարկարովը:
 Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Ֆրանսիայում նախագահական ընտրություններին առաջադրված 11 թեկնածուներից հիմնական պայքարն ընթանում էր 4–ի միջև. Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոն, Ֆրանսուա Ֆիյոն, Ֆրանսիայի ազգային ճակատը ներկայացնող Մարին Լը Պեն և Ժան-Լյուկ Մելանշոն: Բայց երկրորդ փուլ անցան՝ Մարին Լը Պենն ու Էմանուել Մակրոն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել