Tert.am-ը գրում է.
 Հայաստանի հանրապետության տնտեսական վիճակի վերաբերյալ այն հայտարարությունը, թե տնտեսության վիճակը շատ ծանր է, դեռ չի նշանակում, որ կառավարելի չէ: Այն քայլերը, որը Կառավարությունը ձեռնարկել է վերջին վեց ամիսների ընթացքում, իրավիճակը կայունացրել են:
 Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ, ՀՀԿ-ի առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը:
 Հարցին, թե ի՞նչ է արվել այդ ամիսների ընթացքում,Կարեն Կարապետյանն ասաց, որ Կառավարությունն ախտորոշում է արել բոլոր ոլորտներում և որպեսզի առանձին-առանձին չանդրադառնա, ապա բոլոր ոլորտներում առկա է հետևյալը. «Մենք բոլոր ոլորտներում արդյունավետության պակաս ունենք, բոլոր ոլորտներում համակարգված բարեփոխումների կարիք ունենք»:
 Անդրադառնալով մարզային հանդիպումներին՝ Կարեն Կարապետյանն ասաց, որ թյուրընկալում կա, թե ինքը քաղաքացիներին հարցրել է՝ արդյոք ծանո՞թ են ՀՀԿ-ի ծրագրին.
 «Ես հարցրել եմ, թե արդյոք ծանո՞թ են համայնքների զարգացման հնգամյա ծրագրին, որովհետև տարածաշրջանային զարգացման համակարգը բարեփոխումների խիստ կարիք ունի: Ընդհանուր պատկերը, թե համայնքն ո՞ւր է ուզում գնալ, մենք չունենք, այդ իսկ պատճառով մենք համայնքապետերերին առաջարկել ենք, որ զարգացման հնգամյա ծրագիր տան, իսկ այդ ծրագրում պետք է  գույքագրված լինեն բոլոր խնդիրները և այն, թե ինչպես են պատկերացնում իրենց խնդիրների լուծումը, որպեսզի կառավությունն ունենա գույքագրված խնդիրներ և ունենա պատկերացնում, թե ո՞ւր ենք շարժվելու»:

Հարցին, թե ինչպիսի տնտեսական պետություն է ցանկանում կառուցել Կառավարությունը՝ սպասարկո՞ղ, ծառայություններ մատուցո՞ղ, թե՞ արտադրող, Կարեն Կարապետյանն ասաց՝ և՛,և՛.«Եթե ասեմ և՛ այն, և՛ այն: Ընդհանրապես պետք  հաշվի առնել տարածաշրջանը, մեր ներուժը, պոտենցիալը, պետք է այդ ամենը հաշվի առնել և շարժվել այն ուղղությամբ, որտեղ պոտենցիալ կա: Երբեք որևէ երկիր խնդիր չի դնում՝ ես ուզում եմ ծառայություններ մատուցող երկիր դառնալ, կամ արտադրող: Պետք է հասկանալ առավելություններն ու այդ առավելությունների վրա տնտեսություն կառուցել», -ասաց վարչապետ, հավելելով, որ այդ առավելություններն են ՏՏ ոլորտը, գյուղատնտեսությունը, ոսկերչությունը, հանքարդյունաբերությունը և այլն:

Դիտարկմանը, թե Հայաստանի տնտեսության զարգացման լրջագույն խնդիրներից է մնում բիզնեսի և քաղաքականության սերտաճումը, մենաշնորհները, իսկ վարչապետը կարմիր թելի նման տանում է ներդրումների ներգրավման հարցը, սակայն բավարարված չեն արդար դատական համակարգը, մրցակցային դաշտը, և եթե դրանք չուղղվեն, արդյոք ներդրումներ կլինե՞ն Հայաստանում, Կարեն Կարապետյանն ասաց, որ այդ խնդիրները փորձում են լուծել.«Արդար, մրցակցային դաշտ ստեղծելով, իրավագիտական, հարկային դաշտի բարեփոխումներով, լիցենզիաների կրճատումով: Ավելին, մենք արդեն դա սկսել ենք: Ես բազմիցս ասել եմ՝ ինչո՞ւ մեկ ուրիշ երկիր կարող է անել, իսկ մենք՝ ոչ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել