Tert.am-ը գրում է.
 Ապրիլյան պատերազմի դասերի, բացթողումների, շտկումների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանի հետ:
 - Պարո՛ն Խաչատրյան, արդեն գրեթե մեկ տարի անցել է ապրիլյան պատերազմից: Ի՞նչ դաս քաղեց հայկական կողմը այդ պատերազմից:

- Պատերազմներն իրենցից լավ բան չեն ենթադրում, պատերազմի ժամանակ շատ կորուստներ են լինում, պատերազմը արհավիրք է ոչ միայն հայ ժողովրդի, այլ բոլոր ժողովուրդների համար: Ցավոք, պատերազմական ժամանակահատվածում ձեռք բերված փորձը մի քանի անգամ ավել է, քան այն, երբ խաղաղ ժամանակ դու պատրաստվում ես: Մենք վերջին տարիներին ձեռք բերած մեր կարողությունները, հմտությունները կիրառեցինք, և ընթացքում հասկացանք, որ կան խնդիրներ, որոնք չեն հաշվարկվել կամ սխալ են հաշվարկվել:

Օրինակ՝ առաջինը հենց վերաբերում է վիրավորների տարհանմանը: Այն տեղի էր ունենում «դեպի ինձ» սկզբունքով, որը սովետական մոդել է և հիմա օգտագործվում է ՌԴ-ի կողմից: «Դեպի ինձ» սկզբունքը հիվանդների փուլային տարհանումն է՝ վիրավորին հանում ես մեկ-երկու կիլոմետր, հատուկ կահավորված տեղերում առաջին բուժօգնությունը ցույց են տալիս, սպասում են մինչև մեքենա կգա և հոսպիտալ կտանի: Մինչև պատերազմը մենք գիտեինք, որ այն սկզբունքը, որը կիրառվում է Ռուսաստանի Դաշնությունում, մեր համար կիրառելի չէ, մեր համար պետք է այլ եղանակ մշակվի: Ժամանակի ընթացքում մենք ուսումնասիրել ենք նաև ՆԱՏՕ-ի և տարբեր պատերազմների՝ Հայրենական պատերազմի, Վիետնամի, Աֆղանստանի փորձը: Մենք մշակեցինք մոդել, որ ոչ թե «դեպի ինձ» սկզբունքը ամբողջությամբ կիրառվի, այլ համակցված սկզբունքով լինի՝ հնարավոր միջոցներով հիվանդներին կրակի տակից հանել համապատասխան տեղ, որտեղ ոչ թե սովորական մեքենաները կվերցնեն, կհասցնեն հոսպիտալներ, այլ մասնագիտացված մեքենաները: Առաջին օրը փորձեցինք անել ռուսական մոդելով, զգացինք, որ ժամանակի ծախսը շատ է, միանգամից անցանք մեր մշակած մոդելին: Արդյունքում՝ մենք ունեցանք ոսկյա՝ մեկ ժամի պահպանման հնարավորություն: Բոլոր վիրավորները մեկ ժամվա մեջ կամ ավելի արագ եղել են հոսպիտալներում: Ավելին ասեմ՝ պատերազմից մեկ տարի առաջ Մարտակերտի և Մեխակավանի ուղղությունների վրա կահավորված մեքենաներ ենք տրամադրել: 

- Հետպատերազմական շրջանում շատ էր խոսվում բացթողումների մասին, ռազմաբժշկական ծառայությունն ինչպե՞ս լուծեց իր առջև դրված խնդիրը, եղա՞ն բացթողումներ, և արդյոք դրանց լուծում տրվե՞լ է:

-Մինչև ապրիլյան օրերը, եթե խոսքը վերաբերում է ռազմաբժշկական ծառայությանը, մենք արդեն պատրաստ էինք մարտական գործողություններին: Երկար տարիներ պատրաստվել ենք պատերազմներին: Ապրիլին, երբ հանկարծակի սկսվեց պատերազմը, այնպես չէ, որ մենք պատրաստ չէինք, կամ մենք չէինք սպասում: Վերջին 25 տարվա մեջ ամեն օր մեզ համար պատերազմ է և ամեն օր էլ հնարավոր էր, որ լայն ծավալով պատերազմական գործողությունները սկսվեին: Մեզանից, ընդհանրապես զինված ուժերից, պահանջվում էր մարտական պատրաստությունը հասցնել այնպիսի վիճակի, որ ցանկացած իրավիճակում կարողանանք մեր խնդիրները լուծել: Ռազմաբժշկական վարչությունը մինչև ապրիլ տարաբնույթ պարապմունքներով, զորավարժություններով, բոլոր առումներով պատրաստ է եղել իր խնդիրը լուծելու՝ ոչ միայն հիվանդների տարհանման, բուժման, այլ նաև վիրավորների համար նախատեսված միջոցների կուտակմամբ և դրանց կիրառումը ճիշտ կազմակերպելու ուղղությամբ:
Ըստ մնացած պատերազմների փորձի ուսումնասիրության և ըստ ռազմաբժշկական գրականության՝ պաշտպանողական մարտի ժամանակ արդի զենքերի կիրառման պայմաններում բանակը 8-12 տոկոս վիրավոր է ունենում: Մեր ունեցած վիրավորների թվաքանակը մոտավորապես եղել է 3-4 տոկոս, որից մոտ 1-2 տոկոսն է եղել ծանր կամ ծայրահեղ ծանր: Մենք ունեցել ենք բավականին քիչ վիրավորներ, որը պայմանավորված է զորքերի կիրառման հմտություններով և զինվորի պատրաստվածությամբ: Այսինքն՝ զինվորը գիտակցել է, թե ոնց պետք է պաշտպանվի, խնդիրը լուծի, որպեսզի ինքը չխոցվի: Իսկ վիրավորների դեպքում մենք ցույց ենք տվել 100 տոկոսանոց արդյունք: Մեր ունեցած  վիրավորների ողջ թվաքանակը, ովքեր հասցվել են հոսպիտալներ, կարելի է ասել, մահ չենք տվել: Կարելի է ասել՝ 100 տոկոս է: Ընդհանուր առմամբ՝ 1 մահ ենք ունեցել, որի դեպքում եղել է համակցված վիրավորում, երբ ամեն ինչ արել ենք, բայց սիրտն էլ է խոցված եղել: Մենք միայն այդ դեպքն ենք ունեցել:

- Նախարարությունը հետաքրքրվո՞ւմ է ինչպես պատերազմի հետևանքով, այնպես էլ ընդհանրապես սահմանին հաշմանդամություն ձեռք բերած զինվորների ճակատագրով: Կա՞ն դեռևս զինվորներ, ովքեր բուժման կարիք ունեն և չեն կարողանում արտերկիր մեկնել:

-Մենք այս պահին չունենք վիրավորներ, որոնք ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում են: Գլուխ-ողնաշարի շրջանում ծանր վիճակում գտնվող զինվորների մի մասը վերականգման փուլում է: Երկու վիրավոր Գերմանիայում է բուժում ստանում՝ պետության և բարեգործների ֆինանսավորմամբ:

-Այսինքն՝ չկա՞ դեպք, որ զինծառայողը արտերկրում բուժման կարիք ունենա և չկարողանա ստանալ:

- Արտերկրում բուժման մոտեցումը հետևյալն է. առաջին երկու դեպքերում, ովքեր հիմա Գերմանիայում են, և՛ պետության, և՛ բարեգործների կողմից տրված գումարներով են տեղափոխվել: Ներկա պահին վերականգնողական բուժում է ստանում 3 հոգի: Երկուսը կենտրոնական հոսպիտալում են, մեկը «Արտմեդ» վերականգնողական կենտրոնում: Եվս 6 հոգի շարունակական վերականգնողական բուժում է ստանում, որոնք տարբեր բժշկական կենտրոններում են: Եվս մեկ հոգի գտնվում է Մոսկվայում, երկու հոգու նույնպես որոշում կա ուղարկել Ռուսաստան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել