Life.tert.am-ը գրում է.
 Փարիզում Զենիթ համալիրում օրերս կայացավ հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը` «Armenian Europe Music Awards Paris 2017»։ Փարիզ էին գնացել Հայաստանի շոու–բիզնեսի շատ արտիստներ, որոնցից շատերը մրցանակներով են վերադարձել։
 Մրցանակաբաշխությունից հետո Tert.am Life–ը նամակներ է ստացել, որ շոու–ծրագիրը միջադեպերով է անցել։ Բողոքներ կան, որ միջոցառումը սկսվել է 40 րոպե ուշացումով, մամուլում էլ հրապարակում էր եղել, որ համերգը մեկնարկել է Լիլիթ Մարգարյանի նորաձևության տան ցուցադրությամբ։ Վերջում մի շարք արտիստներ ելույթ չեն ունեցել։ Նրանց թվում է եղել նաև Էրիկը, ով արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին։ Մենք կապ հաստատեցինք կազմակերպիչներից Հայկ Շահբազյանի և նրա կնոջ` Արևիկ Ալավերդյանի հետ։ Ըստ նրանց` խնդիրներ եղել են, բայց աննշան։
 «Համերգը սկսվել է ոչ թե 40 րոպե ուշ, այլ` 20–25 րոպե` տեխնիկական խնդիրների պատճառով։ Երգիչներից միայն Էրիկն ու Ռոլանդը չեն երգել։ Պատճառն այն էր, որ մենք մինչև 12–ը պետք է ավարտեինք համերգը, բայց ծրագիրը երկարում էր։ Արտիստներ կային, որոնք ավելի շատ խոսեցին բեմում։ 2 տարի է` Ֆրանսիայում օրենք կա, որ կեսգիշերին պետք է համերգասրահները դատարկ լինեն։ Ոստիկանների կողմից մենք հրահանգ ստացանք, որ 12։15 ավարտենք, բայց բանակցությունից հետո նրանք մեզ թողեցին շարունակել ծրագիրը մինչև 12։30»,– ասաց Հայկը։

 Անդրադառնալով խոսակցություններին, որ շատ արտիստներ, այդ թվում` շառլ Ազնավուրը, հրավիրված են եղել, բայց հրաժարվել են գալ, Հայկը պարզաբանեց. «Շառլ Ազնավուրը մրցանակ է ստացել, բայց մենք պոստերների վրա չէինք էլ գրել, որ նա գալու է։ Մենք մրցանակը իրեն փոխանցելու ենք ապրիլին, քանի որ այս պահին նա Ֆրանսիայում չէ։ Հրավիրված մյուս արտիստները եկել են»։

 Արևիկ Ալավերդյանն էլ ասաց, որ համերգը շատ լավ է անցել։ «Ինչպես էլ անցներ` լավ, թե վատ, մեկ է  ինչ–որ բան, անպայման, պետք է գրվեր։ Մենք սպասում էինք հա՛մ լավ, հա՛մ վատ արձագանքների։ Սա մեծ մասշտաբի մրցանակաբաշխություն էր։ Մինչ օրս նման բան ոչ ոք չի կազմակերպել։ Մեր թիմը, լինելով երիտասարդ ու անփորձ, հնարավոր է` թույլ տար թերություններ, որոնք, իհարկե, աննկատ են եղել։ Մրցանակաբաշխությանը ներկա են եղել անգամ Հայաստանի դեսպանը Ֆրանիսայում, Փարիզի քաղաքապետը, որոնք վերջում իրենց զարմանքն արտահայտեցին, որ առանց որևէ մեկի աջակցությամբ կազմակերպել էինք նման միջոցառում։ Ինչ վերաբերվում է Լիլիթ Մարգարյանի ցուցադրությանը, դա նորաձևության ցուցադրություն չի եղել, այլ պարզապես շոու էր, որը կարճ է տևել և եղել է ոչ թե համերգի սկզբում այլ ընթացքում»,– նշեց Արևիկը։

Վերջինս վստահեցրեց, որ եթե փոքր անախորժություններն էլ եղել են, դա մնացել է ներսում և հանդիսատեսը բացարձակ չի հասկացել այդ մասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել