Panorama.am-ը գրում է.
 Տարածաշրջանի երկրորդ երկիրը, ուր ներքին անձնագրերով կարող են գնալ Ռուսաստանի քաղաքացիները, հնարավոր է դառնա Թուրքիան՝ Հայաստանից հետո: ՌԴ քաղաքացիների՝  ներքին անձնագրերով Հայաստան մուտք գործելու որոշումն ուժի մեջ մտավ այս տարվա փետրվարի 23-ին:
 Ռուսաստանի հետ այդ թեմայով բանակցությունների վերսկսման մտադրության մասին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է այսօր:

«Ռուսաստանն ու Թուրքիան միմյանց հետ ունեն բավականին սերտ շփումներ տուրիզմի ոլորտում, նախկինում էլ տարբեր միջոցառումներ են ձեռնարկվել երկու երկրների քաղաքացիների համար այդ ոլորտում գրավիչ առաջարկներ ու իրավիճակ ստեղծելու համար»,-Panorama.am-ի հետ զրույցում թուրք պաշտոնյայի հայտարարության մասին կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոյանյանը:

Ներքին անձնագրերով քաղաքացիների մուտքը թույլ տալը Մելքոնյանը դասում է գրավիչ առաջարկների թվում:

«Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների առկա մակարդակը, որը մեծապես ունի տնտեսական բաղադրիչ, ենթադրում է նաև տուրիզմի ոլորտում շատ ընդգրկուն ու տեսանելի առաջընթաց: Խնդիրն առավելապես ունի տնտեսական բաղադրիչ»,-ասաց թուրքագետը:

Այն, որ Ռուսաստանի քաղաքացիների՝  ներքին անձնագրերով այցելությունները Հայաստան ու Թուրքիա հնարավոր են գրեթե նույն ժամանակահատվածում, Մելքոնյանը համարում է  զուտ ժամանակագրական համընկնում:

«Դրանք տարբեր հարթություններում գտնվող խնդիրներ են, ուղղակի համընկնում են զուտ ժամանակագրական առումով»,-ասաց նա:

Թուրքագետի դիտարկմամբ, Ռուսաստանը տարբեր ոլորտներում տարբեր երկրների հետ դիվերսիֆիկացված քաղաքականություն է վարում: Օրինակ, այդ երկիրը «Իսկանդեր» է վաճառել ռազմավարական գործընկեր Հայաստանին, բայց նույնը չի անի տնտեսական գործընկեր Թուրքիայի պարագայում:

«Թուրքիան չունի «Իսկանդեր», նա ջանում է Ռուսաստանից ձեռք բերել հակաօդային C 400 հակաօդային պաշտպանության կայանները: Կան նաև այլ խնդիրներ, որոնք ցույց են տալիս, որ Ռուսաստան-Հայաստան ու Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները նույն հարթության վրա չեն: Ի վերջո, Ռուսաստանի ու Հայաստանի միջև կա ռազմավարական դաշնակցային պայամանագիր»,-ասաց նա:

Մելքոնյանը միաժամանակ նկատում է, որ ռուս-թուրքական տնտեսական հարաբերություններն անհամեմատ ավելի լավ վիճակում են, քան ռուս-հայկական հարաբերությունները, և Թուրքիա ներքին անձնագրերով ռուսաստանցիների մուտքի թույլտվությունը փոխշահավետ գործարք է լինելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել