Tert.am-ը գրում է.

Tert.am–ը զրուցել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Սամվել Ֆարմանյանի հետ։ Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև։

- Պարոն  Ֆարմանյան,  ընդդիմությունը մարզերում բոլոր հանդիպումներից ժամանակ և հետո հայտարարում է, որ Հայաստանն անդունդի եզրին, է խորտակվող նավ է, որի համար  SOS  ահազանգ են բարձրացնում, Ձեր մեկ այլ նախկին կուսակից, որ հիմա «Ծառուկյան դաշինքում» է, Գյումրին համեմատել էր Անիի հետ՝ ասելով, որ Անիի օրն է ընկնում: Ի՞նչ եք կարծում՝ սա սոսկ նախընտրական քարոզարշա՞վին բնորոշ բառամթերք է, թե այստեղ կա օբյեկտիվ իրականության տարր կամ առյուծի բաժին:

- Դա նորությու՞ն է: Քաղաքական մշակույթի մեր չգրված օրենքներով նախընտրական քարոզչության ընթացքում ընդդիմադիր դիրքերից հանդես եկող, ավելի շուտ, իշխանության նկատմամբ հակակրանք ունեցող ընտրողների քվեին տիրանալու համար, քաղաքական կուսակցություններն ու թեկնածուները պետք է անեն առնվազն երեք բան և այսօր էլ դա արվում է մեծ ջանասիրությամբ ու նվիրումով, ընդ որում, միմյանց հետ շատ թեժ մրցակցության պայմաններում՝ 1. իրավիճակը ներկայացնել խիստ գրոտեսկված՝ հնարավոր ամենամռայլ գույներով, 2. ամեն ինչում մեղադրել բացառապես իշխանությանը և 3. ընտրողին փորձել համոզել, որ թեև բոլորն էլ քարոզչության ընթացքում ասում են նույնը, բայց այդ քննադատողներից ամենաազնիվն ու ամենաընդդիմադիրը, կամ որ ավելի ազնիվ կլինի ասել՝ իրական ընդդիմադիրը հենց իրենք են: Այս առումով, քաղաքական պայքարի ռազմավարության առումով ընդդիմադիր կուսակցությունների մոտ ես որևէ նոու–հաու չեմ տեսնում: Թերևս, բացառություն կարող է լինել «Ծառուկյան դաշինքի» առաջնորդը, որն այդ առումով դրականորեն առանձնանում է՝ զերծ մնալով սուր քննադատությունից, հայհոյախոսություններից՝ ընտրողներին հանգամանորեն ներկայացնելով իր ծրագրերը, գաղափարներն ու մտքերը: Իսկ որոշ դեպքերում էլ, նախընտրական աղմուկի ձայնն այնքան բարձր է, որ ասված որևէ խոսք կամ միտք, տեղեկատվական հոսքերի նման ինտենսիվության պարագայում, ընտրողը հնարավորություն չունի ենթարկել քննադատական վերլուծության և հետևություններ անել: Այդտեղից էլ նման խենթանոց հիշեցնող դրսևորումները՝ տևական ժամանակ Գյումրին ղեկավարած անձնավորությունը կարող է այն համեմատել Անիի ավերակների հետ և դրանում մեղադրել ուրիշներին:    

- Ինչպես կգնահատեիք մինչև օրս Հայաստանի Հանրապետական կուսակցության անցկացրած քարոզարշավը` հաշվի առնելով «ԵԼՔ» դաշինքի թեկնածու Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ՀՀԿ-ն իրականում ներկայացրել է «ֆեյք» ցուցակ, որի առաջին երեք դեմքերը, որոնցով տարվում է քարոզարշավը, իրականում ոչ մի կապ չունեն կուսակցությունում քաղաքական որոշումներ ընդունելու հետ, և նրանք միայն հանրությանը «պուպուշ» դեմքերով ներկայանալու խնդիր են լուծում:

- Ընդհանրապես, միայն զարմանալ կարելի է, թե ինչպես են քաղաքական ուժերն ու գործիչները կերպարանափոխվում նախընտրական քարոզչության փուլում: Այստեղ, հավանաբար, օգնության կարող են գալ հոգեբանները և բացատրել, թե ինչու և ինչպես է դա տեղի ունենում: Մարդիկ, ում հետ հինգ տարի աշխատում ես կողք կողքի և իրական աշխատանքում պարկեշտ և հավասարակշռված վարքագիծ ունեն, օժտված են ռացիոնալ մտածողությամբ, նախընտրական քարոզչության փուլում սկսում են փոխել վարքագիծը, դառնում անհավասարակշիռ, կորցնում իրականության զգացումը, դառնում սեփական պատրանքների գերին, իսկ երբեմն էլ՝ թռչկոտում տանիքից տանիք: Հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը մեր առաջին եռյակին գոնե «պուպուշ» բնութագրումն է տալիս, արդեն լավ է՝  նշանակում է, որ ամեն ինչ կորցված չէ ռացիոնալ մտածողության առումով: Իսկ իրականության մեջ, եթե քարոզարշավին մասնակցող մեկ-երկու ֆեյք կուսակցություններ կամ դաշինքներ կան, մեկը հավանաբար Մարուքյան-Սարգսյան-Փաշինյան դաշինքն է՝ խիստ կանխատեսելի ապագայով՝ ֆիասկո և նոր մասնատում:

- Պարոն Ֆարմանյան,  ինչպե՞ս եք գնահատում  փաստը, որ ընդդիմության տարբեր թևերը, միգուցե նախընտրական նպատակներով, հայտարարում են, որ միայն ՀՀԿ-ի հետ չեն կազմի կոալիցիա՝ դրանով, ինչպես բացատրում են ընտրական տեխնոլոգիաների մասնագետները, փորձելով շահել ժողովրդի համակրանքը և չկողմնորոշվածների համակրանքը ստանալ:

- Կարծում եմ, որ այդ հարցին ես արդեն պատասխանեցի: Ընդհանրապես, վախեցեք նրանցից, ովքեր այսօր ամենաբարձրն են գոռում, որ ընտրություններում հաղթելու ամենամեծ հնարավորություններն ունեցող քաղաքական ուժի հետ դաշինք չեն կազմի: Հավանաբար, հենց նրանք են «մարդ մեջ գցելու»՝ իշխանության մեջ տեղ ունենալու հարցում իրենց հերթը առաջ գցելու համար: Սա է մեր իրականությունը:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել