Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ կառավարության Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն: Հանրապետության Նախագահը կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամներ՝ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում, ծանոթացել գործունեության պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ, որից հետո գործադիր տնօրենը Նախագահին ներկայացրել է կենտրոնի գործունեության ռազմավարությունը,  գերակա ուղղություններն ու ոլորտները, մինչ այժմ այդ ուղղություններով իրականացված աշխատանքը, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերն ու դրանց իրագործման նպատակով շահագրգիռ այլ կառույցների, կազմակերպությունների և անհատների հետ ձևավորված համագործակցությունը:
 Հանրապետության Նախագահը ողջունել է վարչապետի նախաձեռնությամբ ընդամենը մի քանի ամիս առաջ ստեղծված այս կենտրոնի հետևողականությունը, գործնական մոտեցումն ու տրամադրվածությունը աշխատանքին և մաղթել հաջողություններ ու եռանդ նախատեսած ծրագրերը կյանքի կոչելու համար: Նախագահ Սարգսյանը նաև իր դիտարկումները և մոտեցումներն է ներկայացրել կենտրոնի համար գերակա համարվող առանձին ոլորտներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ, կարևորել աշխատանքի հիմքում հստակ և չափելի արդյունքներով ծրագրեր դնելն ու պատրաստակամություն հայտնել՝ ըստ անհրաժեշտության աջակցել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել