4 ներդրումային ծրագիր ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը

 ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր հրավիրվել էր խորհրդակցություն ՀՀ Կոտայքի մարզից ստացված գյուղատնտեսության ոլորտին առնչվող ներդրումային ծրագրերը քննարկելու նպատակով:
 Խորհրդակցությունը վարում էր փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ից, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնից, Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամից, ծրագրերի շահառուներ և այլ պատասխանատուներ:
 Ռոբերտ Մակարյանը նշել է, որ Կոտայքի մարզից ստացվել է գյուղատնտեսությանն առնչվող թվով 5 ներդրումային ծրագրի առաջարկ: Ներկայացված ծրագրերի շրջանակում նախատեսվում է մարզում հիմնել ժամանակակից հիդրոպոնիկ եղանակով աշխատող ջերմոցային տնտեսություն, կաշվի և կաշվե իրերի գործարան գործարկել, այգիների կարկտապաշտպան համակարգերի համար երկաթբետոնե կուստրուկցիաների և հենասյուների արտադրություն կազմակերպել, հիմնել կաթի վերամշակման արտադրամաս և ստեղծել ուսումնաարտադրական կենտրոն` գետնախնձորից ինուլին և պեկտին ստանալու նպատակով:
 Պատասխանատուները շահառուների հետ համատեղ քննարկել են ներկայացված ծրագրերի ֆինանսական գնահատականները, նպատակահարմարությունն ու հիմնավորումները, ինչպես նաև ֆինանսավորման ուղղություններն ու աջակցության տարբերակները:
 Քննարկումների արդյունքում որոշվել է թվով 4 ծրագիր համապատասխան եզրակացություններով ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը, մեկը` լրամշակել, քանի որ շահառուն ծրագրում լրացուցիչ փոփոխություններ էր նախատեսել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել