«Հայաստանին դուր չի գալիս, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում Ռուսաստանից». Էդվարդ Նալբանդյան168.am-ը գրում է.
 Հայաստանին, անկասկած, դուր չի գալիս, որ Ադբեջանը սպառազինություն է գնում Ռուսաստանից, RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։
 «Իհարկե, մեզ չի կարող դուր գալ այն, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում մեր դաշնակցից, որը շատ ջանքեր է գործադրում, այդ թվում՝ Հայաստանի հետ փոխհամագործակցությամբ, որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ՝ մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման համար»,- ասել է նախարարը։

Ընդ որում՝ նա նշել է, որ Հայաստանը ստիպված է ջանքեր գործադրել՝ պահպանելու ուժերի հավասարակշռությունը։

«Ինչ վերաբերում է սպառազինությունների մրցավազքին, Հայաստանը չէ, որ սպառնում է նոր պատերազմ սկսել, Հայաստանը չէ, որ խախտում է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի նորմերը։ Թե ինչի է դա հանգեցնում, մենք տեսանք անցած տարվա ապրիլին, երբ ադրբեջանական ռազմական ավանտյուրան ուղեկցվում էր միջնադարյան բարբարոսությամբ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների դեմ՝ երեխաների, կանանց, ծերերի, միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով։

Բնականաբար, այդ պայմաններում մենք ստիպված ենք գործադրել բոլոր ջանքերը՝ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու ու նոր սրացումներ, նոր պատերազմ թույլ չտալու համար»,- հավելել է Նալբանդյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել