Բոլոր աշխատանքային փաստաթղթերում ամրագրված է ղարաբաղյան կողմի անմիջական մասնակցության պայմանը. ՆալբանդյանYerkir.am-ը գրում է.
 Առանց Ստեփանակերտի անմիջական մասնակցության ԼՂ հիմնահարցի կարգավորում հնարավոր չէ. РИА Новости-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

 Ըստ նրա` ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց տարածաշրջանային այցերի ժամանակ հանդիպում են ԼՂ` դեռևս չճանաչված հանրապետության ղեկավարության հետ:

 «Լեռնային Ղարաբաղն իրականում բանակցային գործընթացում է, սակայն ներկա փուլում` ոչ լիարժեք ֆորմատով, այսինքն` ղարաբաղյան կողմն ուղիղ չի բանակցում ադրբեջանական կողմի հետ վերջինիս չհամաձայնելու պատճառով»,- պարզաբանել է Նալբանդյանը:

Ըստ նախարարի` այն, որ առանց ԼՂՀ մասնակցության կարգավորում հնարավոր չէ, հրաշալի հասկանում և այդ մասին ասում են միջնորդները: «Ադրբեջանական կողմը պարզապես ձևացնում է, որ իբր չի հասկանում, գլուխը ավազի մեջ է մտցնում, թեև բոլոր աշխատանքային փաստաթղթերում, որոնք քննարկվել են վերջին տարիներին, ամրագրված է հակամարտության համընդհանուր կարգավորման համաձայնագրի մշակմանը ղարաբաղյան կողմի անմիջական մասնակցության պայմանը»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել