Times.am-ը գրում է.
 «Մենք Ղարաբաղում ազգ-բանակ էինք, որովհետև վտանգը մեծ էր: Մեր ժողովուրդն ամեն ինչ արեց, որ մենք չկորցնենք Ղարաբաղը, պաշտպանենք մենք սահմանները, և փառք Աստծո, կարողացանք անել: Մեծ գին վճարեցինք, բայց կարողացանք մեզ պաշտպանել, իսկ ամենակարևորը դա է: Ազգ-բանակի մասնիկները պարտադիր չէ, որ լինեն միայն Հայաստանում Ազգ-բանակի անդամներ են բոլոր նրանք, ովքեր, ապրելով Միացյալ նահանգներում, Ռուսաստանում կամ Արգենտինայում, համակված են այդ գաղափարով»,- ազգի միասնության և «Ազգ-բանակ» գաղափարախոսության մասին իր կարծիքն է հայտնել հանրապետության նախագահը՝ զորացրված երիտասարդների հետ զրույցի ընթացքում:

Կարևորելով հայ զինվորին՝ նախագահ Սարգսյանը խոսել է նաև բանակում հրամկազմի ունեցած անժխտելի դերի մասին. «Առանց զինվորի բանակ, իհարկե, չի կարող լինել, բայց պատմությունը գիտի դեպքեր, երբ ճակատամարտեր են տվել սպայական գումարտակները: Պատմությունը գիտի նաև դեպքեր, երբ զինվորները կռվել են առանց սպաների, բայց՝ հրամանատարի գլխավորությամբ: Ուզում եմ ասել, որ բանակի ողնաշարը հրամանատարն է»,- ասել է Գերագույն գլխավոր հրամանատարը ու պատմել, որ ինքը մինչև հիմա հիշում է իր վաշտի հրամանատարին, որը, թեև շատ հաղթանդամ չէր, բայց շատ խիստ զինվորական էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել