Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին կդիտվի որպես մարդու իրավունքների խախտում. Հանրային խորհուրդը նամակով դիմել է Բելառուսի նախագահինAysor.am-ը գրում է.
 Բելառուսում հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալության և նրա` Ադրբեջանին հնարավոր արտահանձման հարցի վերաբերյալ ՀՀ Հանրային խորհրդում օրեր առաջ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որից հետո ստեղծվել է աշխատանքային խումբ` խնդիրն ուսումնասիրելու և համապատասխան փաստաթուղթ պատրաստելու նպատակով, տեղեկացնում են Հանրային խորհրդի լրատվական ծառայությունից:
 Հունվարի 17-ին, Հանրային խորհրդում նույն հարցի վերաբերյալ տեղի է ունեցել լայն քննարկում, որին մասնակցել են նաև մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը և բլոգեր Տիգրան Քոչարյանը:
 Քննարկման արդյունքում պատրաստվել է բաց նամակ` ուղղված Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
 Նախատեսված է նամակը հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի դեսպանություն:
Դրանում ասված է. 

«Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին

Մեծարգո պարոն նախագահ,

Հայաստանի Հանրապետության Հանրային խորհուրդը դիմում է Ձեզ հայտնի բլոգեր-ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի ձերբակալության և նրա` Ադրբեջանին հնարավոր արտահանձնման հարցի կապակցությամբ:
 Ղարաբաղյան հիմնախնդիրը միայն երկու երկրների` Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը չէ, այն տարածաշրջանային, գլոբալ անվտանգության նշանակություն ունեցող խնդիր է, որի խաղաղ կարգավորման ուղղությամբ համապատասխան ջանքեր են գործադրվում միջազգային հանրության կողմից: Դրան զուգահեռ ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այլև բազմաթիվ միջազգային հասարակական կազմակերպություններ, անհատներ, պետական ու քաղաքական գործիչներ այցելում են Երևան, Ստեփանակերտ և Բաքու` փորձելով գտնել հիմնախնդրի կարգավորման հնարավոր փոխզիջումային տարբերակը:

Ալեքսանդր Լապշինի ձերբակալության և նրա` Ադրբեջանին հնարավոր արտահանձնման հարցը խիստ մտահոգիչ է հատկապես այդ տեսանկյունից: 
 Միայն այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղ այցելելու համար Ադրբեջանը 180 լրագրողների հայտարարել է «personae non grata», իսկ Ադրբեջանի ԱԳՆ կողմից 2016 թ. դեկտեմբերի 7-ին թարմացված «սև ցուցակում» արդեն իսկ ընդգրկվել է 623 անձ՝ ներառյալ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն և օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն, վկայում է, թե ինչպես է Ադրբեջանը պատկերացնում ժողովուրդների միջև համերաշխության հաստատումը: Հարկ ենք համարում նշել, որ այդ ցուցակում ներառված է նաև Բելառուսի հինգ քաղաքացի:
 Երկու կարծիք չկա, որ Ադրբեջանի ներկայացրած հիմնավորումներով Լապշինի արտահանձնումը կգնահատվի որպես մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների` մասնավորապես ազատ խոսքի և ազատ տեղաշարժի կոպտագույն խախտում:
 Համոզված ենք, որ Բելառուսն այս հարցում հավատարիմ կմնա իրեն բնորոշ հավասարակշիռ քաղաքականությանը, կառաջնորդվի միջազգային սկզբունքներով և Ալեքսանդր Լապշինին Բաքվին արտահանձնելու որոշում չի կայացնի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել