Times.am-ը գրում է.
 «Թրամփ» ապրանքանիշը, որն Ադրբեջանում ներկայացված էր հյուրանոցային ծառայության տեսքով, վերջնականապես լքել է Ադրբեջանը:
 Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
 Հունվարի 16-ին Trump International Hotel&Tower ցուցանակը հանվել է Բաքվի կենտրոնում գտնվող հյուրանոցի շենքի վրայից:

Դեռևս մեկ ամիս առաջ «Արմենպրես»-ը, հղում կատարելով azadliq.info-ին՝ տեղեկացրել էր, որ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի ընկերությունը (Trump Organization) դադարեցնում է Ադրբեջանում իրականացվող նախագծերի լիցենզավորված պայմանագրերը:
 Trump Organization-ի փոխնախագահի փոխանցմամբ`Թրամփի այս որոշումը պայմանավորված է նրանով, որ նորընտիր ԱՄՆ նախագահը 2017 թվականի հունվարի 20-ին կայանալիք նախագահական երդմնակալությունից առաջ ցանկանում է խուսափել բիզնես շահերի եւ իր քաղաքական դերի հնարավոր հակասություններից:

Բաքվի կենտրոնում գտնվող Trump Tower անվանումը կրող 33 հարկանի հյուրանոցի շինարարական աշխատանքները ավարտվել են դեռեւս 2015 թվականին, սակայն հյուրանոցի բացումը չի կատարվել:

Դեռ մայիսին The Washington Post թերթը հոդված էր հրապարակել այն մասին, որ վերոհիշյալ աշտարակը պատկանում է ոչ թե Դոնալդ Թրամփին, այլ Ադրբեջանի տրանսպորտի և կապի նախարար Զիադ Մամեդովի որդուն՝ Անար Մամեդովին: Վերջինս հանդիսանում է «Գարանտ Հոլդինգի» տնօրենը և Trump Tower-ի սեփականատերը: Անար Մամեդովը Թրամփից պարզապես գնել էր վերջինի անվանումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել