168.am-ը գրում է.

«Հունվար-սեպտեմբերի տնտեսական ակտիվության ցածր` 1.6% ցուցանիշը դեռևս գարնանն ու ամռանը արձանագրված տնտեսական իրողությունների շարունակությունն էր: Կառավարության փոփոխության ժամանակ նաև սպասողական վիճակ է առաջանում, բայց ես չեմ համարում, որ կառավարության փոփոխությունն էական ազդեցություն ունի, որովհետև բիզնես միջավայրը, ներդրումային միջավայրն ինքը վայրկյանական ռեակցիա չի տալիս և վայրկյանական չի արձագանքում: Դա շարունակություն է մեծամասամբ դրսի գործընթացների: Տեսնում ենք, որ մեր ներկրման ծավալներն իջնում են, վճարունակ պահանջարկը ցածր է, իսկ եթե ներսում վճարունակ պահանջարկը ցածր է, սպառման շուկայում ակտիվության գործընթացները, բնականաբար, շարունակում են ցածր լինել»,-168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը` մեկնաբանելով վիճակագրական ծառայության հրապարակած տնտեսական ակտիվության ցուցանիշը:

Ըստ նրա` վերջին 20 տարիների ընթացքում արտահանման և ներկրման տարբերությունը եղել է 3 անգամ` ի օգուտ ներկրման, իսկ հիմա առաջին անգամ 2.2 անգամ է դարձել. «Թեև արտահանումն էլ առանձնապես շատ աճի տեմպ չի գրանցել, բայց ներկրման ծավալներն են իջել: Այսինքն` սա զուտ տրանսֆերտների կրճատման, ներքին սպառողական շուկայի ցածր մակարդակի մասն է, դրա համար էլ գնանկումներ ունենք, դոլարի նկատմամբ պահանջարկն է ցածր, այսինքն` սա լուրջ հարված է, որ մարդկանց սպառողական բավարարության մակարդակը ցածր է: Ինչ վերաբերում է ակտիվությանը, գործընթացները պետք է միտված լինեին արտահանմանը: Այսինքն` ներքին շուկայում աճ չկա, արտահանման մասով ավանդաբար մնացել են 4 խումբ հիմնական ապրանքները` ծխախոտ, խմիչք, պղնձի խտանյութ և ֆերոմոլիբդեն, ու կիսաթանկարժեք և թանկարժեք քարեր: Արտաքին աշխարհում հանքանյութի գները ցածր են հիմա, ծխախոտն ու խմիչքն էլ նորմալ չի իրացվում, որովհետև հիմնականում ռուսական շուկա է գնում, իսկ ռուսական ռուբլու անհամարժեքությունը մրցունակ չի դարձնում մեր ապրանքները: Դա էլ իր հետ բերել է ակտիվության ցածր ցուցանիշ»:

Մ.Մելքումյանի խոսքով, ընդ որում, եթե սեզոնայնությունը հաշվի առնենք, նախկինում գյուղատնտեսությունն էր ավելի մեծ ակտիվություն ցուցաբերում, բայց հիմա խաղողի բերքը կիսով չափ նվազել է` մոտ 200 հազար տոննա է արտադրվել, որից 100 հազար տոննան մթերվել է. «Սա պայմանավորված է նաև անցած տարվա խաղողի մթերման և իրացման խնդիրներով: Բնական պահն էլ կա, որ ամեն տարի նույն բերքը չի լինում: Բայց ամեն դեպքում գյուղացուն ձեռք չի տալիս չնչին գներով հանձնել բերքը: Նաև կաթի գինն էր ցածր, և հնարավոր է՝ մեծ մասշտաբով անասունների մորթ լինի: Այսինքն` գյուղատնտեսության համար անհաջող տարի էր»:

Անդրադառնալով արդյունաբերությանը` Մ.Մելքումյանը նշեց, որ կառավարության ծրագրում նույնիսկ նման բաժին չկա. «Ճիշտ է, առանձին ասվում է, որ խոսվում է ոլորտների մասին, բայց այդպես չէ: 2015 թ. հունվարի 1-ից ունենք արդյունաբերության քաղաքականության մասին օրենք, բայց 2 տարի է՝ չենք կարողանում պետական արդյունաբերական ծրագիր մշակենք, որն օրենքի պահանջ է, էլ չեմ ասում, որ գոնե մի արդյունաբերական գոտի ունենայինք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել