untitled-4-7ԱՄՆ-ում նախագահական ընտրապայքարը թևակոխել է վճռական փուլ: Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 19-ին, Նևադայի Լաս Վեգաս քաղաքում տեղի ունեցավ նախագահական հեռուստաբանավեճերի երրորդ՝ եզրափակիչ փուլը դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնի և հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի միջև: Ամերիկյան տարբեր լրատվամիջոցներ և հարցման կենտրոններ տարբեր գնահատականներ են տալիս, թե ով է հաղթել երրորդ հեռուստաբանավեճում: Հիմնական մասն, այնուամենայնիվ, հաղթանակը տալիս է Դեմոկրատական կուսակցության թեկնածուին: Օրինակ՝ CNN հեռուստաընկերության և ORC ընկերության կազմակերպած հարցման մասնակիցների 52 տոկոսը հաղթող է ճանաչել Հիլարի Քլինթոնին, 39 տոկոսը՝ Դոնալդ Թրամփին: Բայց կան նաև լրատվամիջոցներ, մասնավորապես՝ «Վաշինգտոն թայմսը», որոնց պնդմամբ՝ վերջին դեբատում հաղթել է միլիարդատեր Թրամփը: Ամեն դեպքում, ամերիկյան ու եվրոպացի լրագրողները, վերլուծաբանները իրենց հոդվածներում մի բան են միանշանակ նշում, որ երրորդ հեռուստաբանավեճը Թրամփի վերջին հնարավորությունն էր Քլինթոնի հետ մրցավազքում տարբերությունը կրճատելու ու ամերիկյան հանրությանը համոզելու, որ ինքն ավելի լավ թեկնածու է, քան նախկին պետքարտուղար Քլինթոնը: Նշենք՝ Քլինթոնը, համաձայն վերջին հարցման, այս բանավեճից առաջ 6․5 տոկոսով առաջ էր անցել Թրամփից:

Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ընտրությունների ավելի հավանական թեկնածու է համարում Հիլարի Քլինթոնին, բայց միանշանակ գնահատական չի տալիս՝ հաշվի առնելով ընտրական առանձնահատկությունները Միացյալ Նահանգներում:

 

Սուրեն Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում խոսեց ոչ միայն ընտրական ընդհանուր գործընթացի, այլև մեր տարածաշրջանի և Ռուսաստանի ուղղությամբ երկու թեկնածուների հնարավոր քաղաքականության, նրանց նախընտրական արշավի ընթացքում հայկական խնդիրներին չանդրադառնալու պատճառների մասին:

Քաղաքագետի կարծիքով՝ եթե ընտրվի Քլինթոնը, նրա վարչակազմը կհամագործակցի մեր տարածաշրջանում Ռուսաստանի հետ ղարաբաղյան, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Հիլարի Քլինթոնը գործող նախագահի պես չի արտաբերելու «ցեղասպանություն» բառը ապրիլի 24-ի ուղերձներում, բայց կվերադառնա հայ-թուրքական խնդրին և կփորձի պետքարտուղարի պաշտոնում իր չավարտած գործը ավարտին հասցնել՝ որպես Միացյալ Նահանգների նախագահ:

 

– Պարոն Սարգսյան, CNN-ը հայտարարում է, որ վերջին դեբատի հաղթողը Քլինթոնն է, բայց կան կայքեր, որոնք հաղթանակը տալիս են Թրամփին: Ձեր գնահատմամբ՝ ո՞վ է հաղթել վերջին հեռուստաբանավեճում:

Դժվար է պատասխանել, թե ով է դեբատի հաղթողը, որովհետև ինքներդ նշեցիք, թե կան տարբեր հաշվարկներ: Տարբեր թվեր են ներկայացնում և՛ CNN-ը, և՛ այլ լրատվամիջոցներ: Ընդհանրապես, հենց սա է պատճառը, որ Դոնալդ Թրամփը պարբերաբար մեղադրում է ամերիկյան մամուլին կողմնակալության մեջ՝ ասելով, որ մամուլն իրեն լավ չի լուսաբանում, ավելի շատ բացասական տեղեկատվություն է փոխանցում հանրությանը և այլն: Ինչ վերաբերում է CNN-ի կողմից կատարվող հարցումներին, նշեմ, որ CNN-ն էլ որոշակի վերապահում ունի Թրամփի նկատմամբ, և չի բացառվում, որ դրա պատճառով է Թրամփը համարվում անհաջող ելույթ ունեցած թեկնածու: Չմոռանանք նաև նշել, որ առաջին հեռուստաբանավեճից հետո հարցվածների 65 տոկոսը ձայնը տվել էր Հիլարի Քլինթոնին, բայց հետո CNN-ը ճշմարտությունը ներկայացրեց և ասաց, որ հարցվողների 65 տոկոսը Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ են եղել, ովքեր նստած են եղել CNN-ի ստուդիայում: Չէի ուզենա այս հարցումներին հավատալ, ավելի ճիշտ կլինի հավատալ պրոֆեսիոնալ, մասնագիտական կառույցների հարցումներին, լինի  Գելափը կամ ուրիշ կազմակերպություն: Այս պահի դրությամբ Դոլանդ Թրամփը, տարբեր հաշվարկներով, 3-6 տոկոս տարբերությամբ զիջում է Հիլարի Քլինթոնին, բայց գիտեք, որ Միացյալ Նահանգներում կա նաև չկողմնորոշված ընտրողների բավական մեծ տոկոս, և չի բացառվում, որ այս իրավիճակը ցանկացած պահի փոխվի: Կան բազմաթիվ դեմոկրատներ, ովքեր քվեարկելու են Թրամփի օգտին, և բազմաթիվ հանրապետականներ, ովքեր քվեարկելու են Քլինթոնի օգտին, այսինքն՝ միանշանակ մոտեցում այստեղ չի կարող լինել: Թեև ես համարում եմ, որ Հիլարի Քլինթոնն է հաղթելու այս ընտրություններում, բայց ոչինչ չեմ բացառում՝ հատկապես հաշվի առնելով ԱՄՆ-ի ընտրական առանձնահատկությունը, ընտրողների, ուղղակի ընտրողների ինստիտուտը: Այս պահին դժվար է հստակ գնահատական տալ, բայց նորից եմ կրկնում՝ ինձ թվում է, որ Հիլարի Քլինթոնը առավել մեծ շանսեր ունի: Ամեն դեպքում, կարծում եմ, որ այս մրցապայքարը բավական դժվար է տրվելու Հիլարի Քլինթոնին:

– «RealClearPolitics» ընկերության տվյալներով, օրինակ, Քլինթոնը 65 տոկոս առավելություն է ունեցել Թրամփի նկատմամբ նախքան բանավեճը, իսկ «FiveThirtyEight» կանխատեսման կենտրոնի գնահատմամբ՝ Քլինթոնը հաղթելու 86 տոկոս հավանականություն ունի: Սրանք որքանո՞վ են արժանահավատ աղբյուրներ:

Պետք է նախ նայել, թե հարցումները որքան պրոֆեսիոնալ կառույցների կողմից են արված, դրանք պրոֆեսիոնալ մեթոդներով են արված, թե՞ օնլայն քվեարկություն է եղել: Պետք է նայել միայն պրոֆեսիոնալ թվերը: Մեծ հաշվով, եթե բոլորը համադրենք իրար, բերենք մեկ միասնական դաշտ և փորձենք ընդհանուր գնահատական տալ, ապա այս պահի դրությամբ տարբերությունը մոտավորապես 5-6 տոկոս է՝ հօգուտ Քլինթոնի:

Ռուսաստանի, Պուտինի թեման գլխավոր հարցերից մեկն է եղել վերջին դեբատի ընթացքում: Քլինթոնը ասում էր, որ Պուտինի հրամանով են կատարվել կիբերհարձակումները ամերիկյան կազմակերպությունների կայքերի վրա, կոտրվել են կայքերը և մարդկանց տվյալները փոխանցվել են Վիքիլիքսին, Թրամփն ընդհակառակը՝ գովաբանում էր Պուտինին, ասում էր, թե նա ավելի խելամիտ է գործել միջազգային հարցերում, քան Հիլարի Քլինթոնը և նախագահ Օբաման: Ռուսաստանի հարցը, փաստորեն, Ամերիկայում դառնում է ներքաղաքական բանավեճի թեմա: Սա նո՞ր միտում է:

Նախ, այսօր ձևավորվել է հետաքրքիր մի իրողություն. մենք տեսնում ենք, որ հանրապետական թեկնածուն Ռուսաստանի հետ ավելի դրական հարաբերություններ կառուցելու կողմնակից է: Նման բան շատ դժվար է հիշել, որովհետև սովորաբար դեմոկրատ թեկնածուներն են Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների ջատագով եղել: Հիշում եք, որ երբ Օբաման եկավ Սպիտակ տուն, սկսեց Ռուսաստանի հետ հարաբերությունների «restart»-ի քաղաքականությունը՝ փորձելով կարգավորել կորցրած պոտենցիալը, որ մինչ այդ եղել էր երկու պետությունների միջև:

Այո, Քլինթոնը մեղադրում է, ասում է, որ կիբերհարձակումները Դեմոկրատական կուսակցության դեմ Ռուսաստանի կողմից են ուղղորդվել, ինչը կասկածի տակ է դնում Թրամփը՝ ասելով, թե դուք միանշանակ պնդում եք մի բան, որի ապացույցը չունեք, դա կարող էին լինել չինացիները կամ այլ պետությունների հատուկ ծառայություններ կամ անհատ խմբեր:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ Թրամփը պնդում է, որ ավելի հեշտ է ընկերություն անել Ռուսաստանի հետ, որի արդյունքում կկարողանան ընդհանուր հայտարարի գալ և՛ Սիրիայում, և՛ Իրաքում, և՛ Աֆղանստանում, և՛ ընդհանրապես տարածաշրջանում, և՛ աշխարհի այլ խնդիրների շուրջ, քան առճակատման գնալ Ռուսաստանի հետ:

Եթե նկատեցիք, այս դեբատների ժամանակ Քլինթոնի կողմից մեղադրանք հնչեց Թրամփի հասցեին: Նա ասաց, թե չի ցանկանում, որ Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը, եթե ընտրվի Թրամփը, լինի Պուտինի խամաճիկը, իսկ Թրամփը մեղադրեց Քլինթոնին՝ ասելով, թե խամաճիկը դու կարող ես լինել: Այս որակի քաղաքական քննարկումներ էին ընթանում երրորդ բանավեճի ընթացքում, ավելի շատ անձնական վիրավորանքներ, անձնական քննադատություն, ավելի շատ եղան փորձեր մտնելու անձնական կյանքի մեջ, քան բուռն քաղաքական բանավեճեր: Ընդհանրապես, այս բանավեճերն իրենց որակով էապես տարբերվում են նախորդ բանավեճերից, եթե նայենք, թե ինչպիսի բանավեճեր են եղել վերջին 30-40 տարիների ընթացքում ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ժամանակ:
– Այսինքն՝ ցածր որակի, ոչ քաղաքական բանավեճ էր:

Այո, ավելի շատ բամբասանքներ, սկանդալներ, անձնական հարաբերություններ, կանանց նկատմամբ վատ վերաբերմունք: Թրամփը հայտարարեց, որ Հիլարի Քլինթոնի ամուսինը, ի տարբերություն իրեն, կոնկրետ գործողություններ է արել, ինքը միայն խոսքեր է ասել կանանց հասցեին, որի համար ինքը զղջում է և ներողություն է խնդրել:

– Այսպիսով, կարո՞ղ ենք եզրակացնել, որ եթե Թրամփը լինի նախագահ ԱՄՆ-ը ավելի մեղմ քաղաքականություն կվարի ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում, իսկ եթե Քլինթոնը ընտրվի նախագահ, կլինի ավելի խիստ, ավելի կոշտ քաղաքականություն և գուցե ավելի լարված հարաբերություններ:

Միանշանակ չի կարելի պնդել, որովհետև Հիլարի Քլինթոնի քաղաքական ուղենիշները, մեծ հաշվով, չեն տարբերվում արտաքին քաղաքական այն ուղենիշներից, որոնք առաջ է մղել նախագահ Օբամայի վարչակազմը վերջին 8 տարիների ընթացքում: Հիլարի Քլինթոնը եղել է այդ քաղաքականության ճարտարապետը, Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման ջատագովը, բայց տարբեր քաղաքական գործընթացներ են եղել, մասնավորապես՝ Ուկրաինայում, Սիրիայում, ինչի հետևանքով Ռուսաստանի հետ հարաբերությունները լարվել են: Եթե աշխարհում խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները լարված լինեն, ապա այստեղ, իհարկե, բարդ է լինելու Քլինթոնի հաղթանակի դեպքում, իսկ եթե պետք է, որ նրանք նստեն բանակցային սեղանի շուրջ և պայմանավորվածություններ ձեռք բերեն Սիրիայի կամ այլ հարցերում, Թրամփի մոտեցումն ավելի հեշտացնելու է գործը: Թեև նորից եմ կրկնում, որ Հիլարի Քլինթոնի հաղթանակի դեպքում Միացյալ Նահանգների ներկայիս արտաքին քաղաքական ուղենիշները հիմնականում փոփոխության չեն ենթարկվելու, որոշ ճշգրտումներ կարող են լինել:

– Քլինթոնի հաղթանակի դեպքում Ռուսաստանի հետ հարաբերություններն ինչպե՞ս կազդեն մեր տարածաշրջանի, մասնավորապես ղարաբաղյան հարցում երկու երկրների համագործակցության վրա:

– Գիտեք, որ Քլինթոնը պետքարտուղար եղած տարիներին ակտիվորեն ներգրավված է եղել տարածաշրջանային բոլոր հարցերում՝ թե՛ հայ-թուրքական կարգավորման գործընթացում, թե՛ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: Սա նշանակում է, որ նա հստակ գիտակցում է, որ տարածաշրջանում, հատկապես հայ-թուրքական հարաբերություններում և ԼՂ հարցում հնարավոր չի լինելու որևէ լուրջ հաջողության հասնել՝ առանց Ռուսաստանի մասնակցության: Մենք նաև գիտենք, որ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումները մշտապես նույնն են եղել, այսինքն՝ չի եղել մի հարց, որի շուրջ եռյակում լինի անհամաձայնություն: Դա նշանակում է, որ սա այն հարթակն է, որտեղ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները բավական արդյունավետորեն աշխատում են միասին:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, հիշում ենք, որ և՛ Քլինթոնը, և՛ Լավրովը ակտիվորեն ներգրավված էին արձանագրությունների նախաստորագրման գործընթացին, վավերացմանն ուղղված ջանքերի ժամանակ, և բոլորն էլ միահամուռ պնդում էին, որ տապալումը միայն ու միայն Թուրքիայի պատճառով է եղել: Ուստի կարծում եմ, որ Քլինթոնի վարչակազմը տարածաշրջանում՝ գոնե այս խնդիների շուրջ, սերտորեն կհամագործակցի Ռուսաստանի հետ, մանավանդ որ սա այն հարթակն է, որտեղ նրանք հակասություններ չունեն՝ ի տարբերություն տասնյակ այլ խնդիրների աշխարհում:

– Իսկ կարո՞ղ ենք նոր ակտիվ ջանքեր, խթաններ սպասել Քլինթոնից հայ-թուրքական հարաբերություններում:

– Եթե նա կրկին գործընթաց է սկսելու հայ-թուրքական հարաբերությունների, դա արդեն նոր ջանք է լինելու, որովհետև արձանագրությունները, ըստ էության, արդեն հանված են քաղաքական օրակարգից, և ինչ-որ մի նոր «exit strategy» պիտի փորձեն գտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Բայց ես կարծում եմ, որ Քլինթոնը, ով հայ-թուրքական արձանագրությունների ճարտարապետներից մեկն էր, վերադառնալու է այդ խնդրի կարգավորմանը և փորձելու է պետքարտուղարի պաշտոնում իր չավարտած գործը ավարտել նախագահի պաշտոնավարման ընթացքում:

– Իսկ ընտրարշավի ընթացքում ազդակներ եղե՞լ են Քլինթոնի կողմից հայ-թուրքական հարաբերությունների, Հայոց ցեղասպանության և ղարաբաղյան հարցի վերաբերյալ:

– Հայկական որևէ խնդիր բացարձակապես չի եղել երկու թեկնածուների օրակարգերում, երկուսն էլ մշտապես խուսափել են այդ հարցերից: Վերջերս տեսաք, որ Միացյալ Նահանգների լրատվական դաշտում հայտնվեց Ջոն Պոդեստայի նամակը (Պոդեստան Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավարն է, երկար տարիներ եղել է ԱՄՆ նախագահի խորհրդականը ազգային անվտանգության հարցերով), և այդ նամակում, ապրիլի 24-ից օրեր առաջ, նա Հիլարի Քլինթոնի ամբողջ աշխատակազմին, նախընտրական շտաբին ուղարկում է իր մտավախությունը ցեղասպանության վերաբերյալ: Ի դեպ, հետաքրքիր է, որ Պոդեստան նամակի մեջ անընդհատ շեշտում էր «Armenian Genocide» տերմինը և ասում էր, որ սա շատ զգայուն թեմա է հայերի համար, և պետք է հասկանալ, թե ինչպիսին է լինելու Հիլարի Քլինթոնի մոտեցումը, եթե հայ համայնքը սկսի բարձրաձայնել և որոշակի պահանջներ ներկայացնել: Ինչպես տեսաք՝ հայ համայնքը ո՛չ բարձրաձայնեց, ո՛չ պահանջներ ներկայացրեց Հիլարի Քլինթոնին, այդ իսկ պատճառով ցեղասպանության ճանաչման հարցը, կարծես՝ դուրս եկավ Քլինթոնի նախընտրական շտաբի օրակարգից: Նա պարբերաբար աջակցում էր հայամետ բանաձևերին՝ սենատոր եղած ժամանակ, բայց երբ դարձավ պետքարտուղար, հետևելով Բարաք Օբամայի օրինակին խուսափեց «ցեղասպանություն» բառը օգտագործելուց, այսինքն՝ չտվեց քաղաքական և իրավական գնահատական: Նույնն էլ, իհարկե, լինելու է նախագահ ընտրվելու դեպքում. նա ամեն ապրիլի 24-ին ուղերձ է հղելու, բայց մշտապես խուսափելու է «ցեղասպանություն» բառը կիրառելուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել