Տարիներ անց Հայաստանը տեսնում եմ հայկական, իսկ ԵԱՏՄ մտնելը ճիշտ էր. ՎարչապետAysor.am-ը գրում է.

Հինգ, տասը, տասնհինգ տարի հետո Հայաստանը տեսնում եմ հայկական, ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ խոսելով արտաքին քաղաքական հեռանկարների մասին:

«Որևիցե իդեալական կառավարման բանաձև չկա, որ դու կարող ես մի երկրից վերցնել և մի այլ երկրի վրա ադապտացնել: Ավելի ճիշտ ադապտացնել կարող ես, բայց կրկնօրինակել չես կարող: Այդ իսկ պատճառով ԵԱՏՄ-ի վերաբերյալ, մենք՝ հայերս, շատ հետաքրքիր և տաղանդավոր ազգ ենք, բայց շատ դեպքերում մեզ պրագմատիզմը պակասում է: ԵԱՏՄ պե՞տք էր մտնել, թե չէ», - նշեց Կ.Կարապետյանը հայկական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում:

Նա ընդգծեց, որ իր համոզմունքով՝ ԵԱՏՄ մտնել պետք էր:

«Ասեմ ինչու: Որովհետև մենք դառնում ենք մի ակումբի անդամ, որտեղ շուկան մեծանում է և որտեղ մեր պոտենցիալ կարողությունները տեղաբաշխելը մաքսիմալ հնարավոր է», - ասաց Կ.Կարապետյանը:

Դիտարկմանը, թե տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանն առայժմ չի շահել այդ անդամակցությունից, վարչապետն արձագանքեց. «Ճիշտ եք, բայց որևէ անալիտիկա չկա՝ ի՞նչ կլիներ, եթե այնտեղ չմտնեինք այս ճգնաժամային իրավիճակում, այն շուկայի վերաբերյալ, որի վրա մենք աշխատում ենք»:

«Պատկերացնենք՝ մենք ԵԱՏՄ-ի շուկայի մեջ լինեինք, մեր ապրանքը հիմնականում ուղղված լիներ դեպի այդ շուկաները և ի՞նչ կլիներ, եթե մենք ԵԱՏՄ-ի անդամ չլինեինք: Այդ անալիտիկան չկա: Երկրորդը, լինելով ԵԱՏՄ-ի շուկայում՝ մենք բացառո՞ւմ ենք այլ շուկաներում աշխատելը, ոչ: Մենք այլ շուկաներ գրավելու մեծ պոտենցիալ ունենք և ինչ-որ ձևով ԵԱՏՄ-ն մեզ խանգարո՞ւմ է, իհարկե, ոչ: Այդ իսկ պատճառով մենք կարո՞ղ ենք  ԵԱՏՄ-ի անդամակցությունից օգտվել՝ հիմնականում մեզնից է կախված: Եթե մենք այդքան էլ չենք օգտվում, մեղքը գցել ուրիշների վրա, կարծում եմ, ճիշտ չէ: Մենք մեկի հետ ընկերություն անելուց անպայման ինչ-որ մեկի դեմ չենք անում չէ ընկերությունը: Եվ ուրիշների հետ ընկերակցելը չի բացառվում», - ասաց Կ.Կարապետյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել