Ամառը վերադառնում է Հայաստան, որոշ վայրերում սպասվում է +30 աստիճան տաքությունAysor.am-ը գրում է.

Հոկտեմբերի 1-ի ցերեկվանից սկսած՝ Իրանի տարածքից Հայաստան կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ:

«Օդի ջերմաստիճանը 1-5-ը ընկած ժամանակահատվածում սեպտեմբերի 30-ի հետ համեմատած աստիճանաբար կբարձրանա մոտ 5-7 աստիճանով: Եթե վաղը Երևանում կանխատեսվում է +18...+20 աստիճան տաքություն, ապա արդեն հոկտեմբերի 4-5-ին Երևանում ջերմաստիճանը կհասնի +25...+27, իսկ Տավուշի և Սյունիքի ցածրադիր գոտիներում մինչև +30», - Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

 Ըստ գրառման՝ հոկտեմբերի առաջին տասնօրյակում օրերը հիմնականում կլինեն արևային և առանց տեղումների:

«Իսկ հոկտեմբեր ամիսը ընդհանուր առմամբ կանխատեսվում է օդի ջերմաստիճանը նորմայի սահմաններում, տեղումների քանակը նորմայից պակաս, այսինքն` սպասում ենք ավելի չոր հոկտեմբեր, քան սովորաբար լինում է մեր կլիմայական պայմաններում», - նշել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել