ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության սեպտեմբերի 29-ի հերթական նիստում հաստատվել են Զբաղվածության կարգավորման, Երեխայի իրավունքների պաշտպանության, Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2017թ. պետական ծրագրերը: Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Զբաղվածության կարգավորման 2017թ. պետական ծրագրում ներառված են 13 զբաղվածության պետական կարգավորման ակտիվ ծրագրեր, որոնք իրենց բնույթով բաժանվում են՝ կայուն զբաղվածություն, ինքնազբաղվածություն և ժամանակավոր զբաղվածություն ապահովող ծրագրերի:
Զբաղվածության ամենամյա ծրագրի նպատակը բնակչության կայուն և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումն է: Այն ուղղված է աշխա¬տաշուկայի լարվածությունը մեղմելուն, զբաղվածության ակտիվ ծրագրերի միջոցով աշխատաշուկայում անմրցունակ անձանց` ըստ առաջնահերթությունների կայուն զբաղվածության ապահովմանը և ինքնազբաղվածության խթանմանը, աշխատանք փնտրողների, հատկապես` հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում:

Երեխայի իրավունքների պաշտպանության 2017թ. տարեկան ծրագրի նպատակն է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների սոցիալական պաշտպանության պետական երաշխիքների ապահովումը, այլընտրանքային ծառայությունների շրջանակների ընդլայնումը, երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների բարելավումը, ինչպես նաև երեխաների խնամքի, ֆիզիկական, մտավոր ու հոգևոր զարգացման, նրանց դաստիարակության և կրթական, մշակութային արժեքներին հաղորդակցվելու համար նպաստավոր միջավայրի ստեղծումն ու ինտեգրումը հասարակություն:

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2017թ. տարեկան ծրագիրը ներառում է տվյալ տարվա ընթացքում տարբեր գերատեսչությունների ու կազմակերպությունների կողմից հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանությանն ու նրանց համար կենսագործունեության բոլոր ոլորտներում հավասար պայմանների ու հավասար հնարավորությունների ստեղծմանը, նրանց վերականգնմանն ուղղված միջոցառումները, նախատեսված աշխատանքների ծավալները, իրականացման ժամանակացույցը, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրները:

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանն ու պաշտպանությանն ուղղված 2017թ. համար նախատեսված միջոցառումներն իրականացվելու են 11 հիմնական ուղղություններով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել