Aravot.am-ը գրում է.

«Բոլորս դեպի Ազգային ժողով: Եվ մենք կհաղթենք։ Եվ այս պ…կի ծնունդները մեր արյունը չեն ծծի։ Մեր ամբողջ հարստությունը թալանեցին։ Հերիք եղավ, բոլ եղավ։ Սատկացնել է պետք բոլոր շներին, բոլորին՝ անխտիր»,- արդեն այն բանից հետո, ինչ սպանությունները կատարված էին ու պատգամավորները մնացել էին պատանդ՝ պարբերաբար կրակահերթեր արձակելով գոռում էր Նաիրի Հունանյանը:

«10 տարի մեր արյունը ծծեցին», – այս արտահայտությունը նա կրկնում էր անընդհատ։

Արդեն սպանված վարչապետի մարմնին կշտամբանքներ էր ուղղում. «5 տարի չթողիր, որ էս ժողովուրդն ընտրություն անի»։

Ու գոռում էր. «Վերջն էս էր լինելու, անխուսափելի էր»:

Էլի հիշեցումներ նրա խոսքերից, որոնց պահպանված ձայնագրությունը հրապարակել ենք. «Միշտ ասում էիք՝ «մի օր կանգնելու եք դատարանի առաջ, ես էլ դատողն եմ լինելու»։ Հիմա օրը եկել ա։ Կերան չէ՞ մեր ժողովրդին։ Կերան, սեփականաշնորհեցին»:

«Ես ոչ մեկի չեմ ուզում սպանել։ Մենք հա՛յ ենք։ Սրանք հայ չէին,- ինչ-որ մեկին բացատրում էր Նաիրի Հունանյանը,- ինչ որ անում ենք՝ ժողովրդի համար է։ Ուղղակի վճռականություն է պետք, որ արդարություն, օրենք հաստատենք էս երկրում՝ սենց չի լինի»։

Բավական հանդարտ, նույնիսկ ընկերաբար Նաիրի Հունանյանի գործակիցները զրուցում էին պատգամավորների հետ. «Ժողովուրդ ջան, չե՞ք գտնում, որ ազգը, իրոք, մեղք է, բա հավաքվում եք ստեղ, լռում, ոչ մեկդ մի հատ ձեն չեք հանում։ Հիմա իմ ջահել կյանքը ձեզ՝ ինձ խփեն էլ, էլի ոչինչ, էնքան, որ իմանամ՝ ազգս ապրելու է»,- սա Նաիրիի քեռին էր՝ Վռամ Գալստյանը։

«Ինչ վերջ կունենա՝ թող ժողովուրդը գնահատական տա։ Բոլորդ այստեղ ժողովրդից ընտրվածներ եք՝ ամենակարեւորը, խնդրում եմ, սառնասրտություն եւ՝ հնազանդվել ներկա իրավիճակին։ Խնդրում եմ անվտանգության մարմիններին՝ շենքին մոտիկ չգաք, արյունահեղություն չլինի՝ ինչ որ եղավ, բավական ա»,- սա էլ խմբի անդամներից մեկի հայտարարությունն էր։

Սկսեցին հայտարարությունների համար խոսափողի մոտ թողնել պատգամավորներին ու մասնավորապես Գագիկ Կոստանդյանը հայտարարեց. «Որպես միլիցիայի նախկին աշխատող, բարձրաստիճան սպա, կոչ եմ անում իմ կոլեգաներին՝ այստեղ լուրջ իրավիճակ է եւ լուրջ մարդկանց հետ գործ ունենք։ Մարդիկ, որոնք հավանաբար կռված են ու գիտեն ե՛ւ զենքի, ե՛ւ կյանքի արժեքը։ Խնդրում եմ զգոն լինել։ Բանակցությունների միջոցով միայն կարելի է մնացածի կյանքը փրկել»։

Իսկ Ռուբեն Հակոբյանն ասաց. «Առաջին խնդրանքը, որ ունեմ՝ ԱԺ-ի շենք ոչ ոք մուտք չգործի։ Մուտք գործելը հղի է… շատ ավելի ծանր իրավիճակ է ստեղծվելու։ Բոլորդ քաղաքական ակտիվություն այժմ դրսեւորեք՝ դուրս եկեք։ Եվ միակ պայմանը, որ այսօր կարող է որոշակի նորմալ վիճակ ստեղծի՝ բանակցություններն են»։

Արդեն սպանություններից ու պատանդառություններից հետո ահաբեկիչները սկսեցին մարդկանց կանչել դեպի շենք: Սկսեցին զանգել նաեւ տարբեր քաղաքական գործիչների՝ այդ թվում նաեւ Ժիրայր Սեֆիլյանին, մոտավորապես այսպիսի խնդրանքներով, թե մենք մեր գործն արել ենք, եկեք, տեսնենք, թե հիմա ինչ ենք անում:


… Այժմ «Հասարակությունն ընդդեմ ահաբեկչության» հասարակական կազմակերպության ղեկավար, իսկ 1999-ին ՀՀ կառավարության տեղեկատվության վարչության պետ Տիգրան Հակոբյանը օրերս «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հրապարակեց, որ այն ժամանակ անցկացված սոցհարցումների տվյալներով՝ մարդկանց 25 տոկոսն արդարացնում էր Նաիրի Հունանյանի արածը: Վերոշարադրյալ կոչերն ու մթնոլորտը հաշվի առնելով՝ թերեւս բացատրելի է իմ զգացողությունը, որպես լրագրող, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում էր՝ ես այժմ դեժավյու եմ ապրում, այսինքն՝ թվում է, թե այս ամենն արդեն եղել է:

Հա, իհարկե, տարբերություն կա՝  հիմա երեւի արդարացնողների քանակն ավելին է: Ու մեկ էլ՝ Նաիրի Հունանյանի բախտը չբերեց. այն ժամանակ ֆեյսբուք չկար, ու չկային զենքի ուժով հարցեր լուծելու կողմնակիցներին ուղիղ եթեր տրամադրող այսքան շատ լրատվամիջոցներ: Ու հենց ֆեյսբուքում եմ տեսել քաղաքացիական մի շատ հայտնի ակտիվիստի զուգահեռը այսօր կատարվողի եւ այն ժամանակ կատարվածի միջեւ: «Նաիրիին էլ մենակ թողեցինք»,- գրել էր նա՝ կոչ անելով մենակ չթողնել «տղերքին»:

Ի դեպ, Նաիրի Հունանյանի անցյալն էլ պակաս փառավոր չէր՝ նա ղարաբաղյան շարժման երիտասարդ առաջնորդներից էր, ուսանողական բողոքի ցույցերի կազմակերպիչ, «Հայ ուսանողության դաշինք» կազմակերպության ստեղծողը: Նույն դեժավյուն, նույն վերապրումները, հրապարակավ խոստովանեց, որ այժմ ապրում է նաեւ հոկտեմբերի 27-ին դահլիճում սպանված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը:

Եվ բնավ պատահական չէ, որ թեեւ նրա կուսակցության այլ անդամները քաղաքական աջակցություն են ապահովում զինյալների պահանջներին՝ Անահիտ Բախշյանի դիրքորոշումն ակնհայտորեն այլ է: Տարբեր է նաեւ հոկտեմբերի 27-ին սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի դիրքորոշումը, որը կատարվածն «արկածախնդրություն» որակեց. «Չէ՝ մենք իշխանության գործունեությունը ճիշտ չենք համարում, բայց ձերն էլ ճիշտ չենք համարում»: Ի դեպ, պատահական չէ նաեւ, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ հիմա, ոչ այն ժամանակ առիթից չօգտվեց ու չփորձեց ձեռքերը տաքացնել բռնկված կրակի վրա, ինչպես անում են Խորենացի փողոցում ռեինկարնացիա ապրող որոշ մարած քաղաքական գործիչներ:

Վստահ եմ, տարբեր է բոլոր այն մարդկանց դիրքորոշումը, որոնք հիշում են բռնությամբ հարցեր լուծելու, եւ իրականում  ոչ մի հարց չլուծած այդ նախադեպը, եւ ամենակարեւորը՝ հիշում են, թե ինչ ծանրագույն ճգնաժամի մեջ հայտնվեց մեր երկիրը հոկտեմբերի 27-ից հետո, որը տարիներով հետ շպրտեց Հայաստանը:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Ի դեպ, հոկտեմբերի 27-ի գործի նյութերը կարդալուց հետո ու տեսնելով, թե որքան շատ տվյալներ ու հնարավորություններ է ունեցել Ազգային անվտանգության ծառայությունը կանխելու այդ ահաբեկչությունը եւ չի արել՝ համոզված էի, թե սա միտում է, չի կարող պատահականություն լինել: Հիմա տեսնում եմ՝ կարող է այդպես լինել, որ եւ անհրաժեշտ տվյալները եւ հայտարարություններն աչքի առաջ ունենալով՝ դրսւորես հանցավոր անգործություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել