Tert.am-ը գրում է.

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է հարցին, թե ինչու հանկարծ և երբ Երևանի ու Բաքվի միջև ձեռք բերվեց համաձայնություն`հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտարկման խմբի ընդլայնման հարցով:


-ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը այսօր «Նովոստի» գործակալությանը ասել է, որ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը համաձայնության են եկել ղարաբաղյան շփման գծում և հայ - ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտորդական խմբի ընդլայնման հարցով:  Ըստ Ձեզ, ե՞րբ կարող էր ձեռք բերվել այս համաձայնությունը, եթե նկատի ունենանք, որ Նախագահի մամուլի խոսնակը, օրինակ, ասել է, որ այս պահին չի կարող որևէ մեկնաբանություն տալ ու առաջարկել է հետևել պաշտոնական լրահոսին:

-Հավանաբար պարոն Ուորլիքը նկատի է ունեցել համանախագահ երկրների արտգործնախարարների մասնակցությամբ Վիեննայում կայացած Ալիև-Սարգսյան հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը, որն այժմ, միգուցե, միս ու արյուն ստանա: Այսինքն՝ հիշյալ պայմանավորվածության հիման վրա ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Կասպրշիկը, թերևս, պատրաստել է իր դաշտային օգնականների թվաքանակի ավելացման և գործառույթների ընդլայնման վերաբերյալ պաշտոնական առաջարկ: Պարզ չէ միայն, թե այդ առաջարկն արդեն իսկ հաստատվե՞լ է պաշտոնական Բաքվի ու Երևանի կողմից, թե վերջնական փոխհամաձայնեցումների փուլը նոր պետք է սկսվի: Չեմ բացառում, որ միգուցե դրա կապակցությամբ կողմերի կարծիքը ստանալու հնարավորություն է եղել Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի վեհաժողովի ժամանակ, բայց սա ընդամենը հավանականին մոտ ենթադրություն է:

- Նախագահները համաձայնության են եկել շփման գծում և հայ -ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ դիտարկման խմբի ընդլայնման հարցով։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ դետալներ է պարունակում:

-Կրկին, մնալով հավանականի դաշտում, կարող եմ ընդամենը ենթադրել, որ արցախա-ադրբեջանական ճակատային գծի երկայնքով և Հայաստան-Ադրբեջան սահմանային ողջ գոտու շրջանում ԵԱՀԿ դիտարկման խմբի ընդլայնման նպատակն է ընդհանուր լարման և անվստահության նվազեցումը, զինված միջադեպերի կանխումը և, տեղի ունենալու պարագայում, դրանց հետաքննության ապահովումը: Ամեն դեպքում հենց նման հիմնավորմամբ է այս առաջարկն արվել ամերիկյան նախագահության կողմից: Տեսնենք, թե ԵԱՀԿ կառույցներն ու հակամարտության կողմերը որքանով հետևողական կգտնվեն այս որոշումը կյանքի կոչելու տեսանկյունից:

- Որքանո՞վ է սա օգտակար հայկական կողմերի համար և կարելի՞ դիտարկել որպես պաշտոնական Երևանի առաջարկների ընդունում:

-Սա 1994 թվականին կնքված զինադադարով ձևավորված ստատուս քվոն նաև հեղինակավոր միջազգային կազմակերպության ներգրավմամբ պահպանելու մեխանիզմ է: Այդ մեխանիզմը կարճաժամկետ հեռանկարում գուցե կօգնի պահպանել հարաբերական խաղաղությունը մեր սահմաններին և բուն հակամարտության գոտում, սակայն ինքնին այն խնդրի լուծում չի պարունակում: Ապրիլյան ռազմագործողությունը միանգամայն նոր իրավիճակ է ձևավորել քաղաքական-դիվանագիտական մակարդակում և, անկախ վերը նշված մեխանիզմների ներդրման արդյունավետությունից, մենք այժմ կանգնած ենք լրջագույն տարածքային կորուստների միանգամայն իրական վտանգի առջև: Եթե հայկական կողմերը չվերանայեն իրենց բանակցային մոտեցումները, այդ կորուստների պոտենցիալ վտանգը շատ կարճ ժամանակահատվածում կարող է վերածվել ծանր ու այլևս անդառնալի իրականության: Այս իրավիճակից դուրս գալու համար արդյունավետ միջոցները գոյություն ունեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել