ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ Երևանում զինված խմբի կողմից ոստիկանական շենքում բուժանձնակազմին պահելու մասին։


«Մենք ողջունում ենք Էրեբունում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի երեկվա հայտարարությունը, որտեղ նա փաստում է, որ ուշադիր հետևում է իրադարձություններին և ձեռնամուխ լինում քայլերի, երբ օրինախախտումներ են լինում: 

Մենք ողջունում ենք և միանում շարունակաբար զսպվածություն դրսևորելու վերաբերյալ բոլոր կողմերին ուղղված նրա կոչին: Հուլիսի 26-27-ի զարգացումները հաշվի առնելով` մենք բոլոր կողմերին հորդորում ենք ցուցաբերել առավելագույն զսպվածություն, գործել օրենքի սահմաններում ու հանդես բերել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման հանձնառություն»,-ասվում է հաղորդագրությունում:

Դեսպանատան հաղորդագրության մեջ ասվում է, որ հատկապես մտահոգիչ են Էրեբունու ոստիկանական շենքում բուժանձնակազմին պահելու մասին մամուլի հաղորդումները:  Դեսպանատունը անընդունելի է համարում նման գործողությունները և կոչ անում անհապաղ ազատ արձակել այդ անձանց։

Հիշեցնենք, որ այս գիշեր հաղորդվել էր, որ ՊՊԾ գնդի տարածքում, բացի հիվանդանոց տեղափոխվածներից, կա ևս երկու վիրավոր: Իրավապահները նրանց բուժօգնություն տրամադրելու կոչ էին արել և մերժում ստացել: Վիրավորներին բուժհաստատություն տեղափոխելու կոչ էին արել նաև հարազատները։

Իրավապահներն ապահովել էին բոլոր անհրաժեշտ պայմանները։ Իսկ երբ բժիշկները ժամանել են, նրանց պատանդ են վերցրել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ «բժշկական հանրությունը դատապարտում է զինյալ խմբի կողմից բժիշկների պատանդ վերցնելու անբարո քայլը»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել