Panarmenian.net-ը գրում է.

ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը զավթած զինված խմբի անդամները, ի հեճուկս նոր հանցանքներ չկատարելու բազմաթիվ հորդորների, շարունակում են իրավապահ մարմինների ծառայողների կյանքի և առողջության դեմ ուղղված ոտնձգությունները, ինչպես նաև գուքի ոչնչացումը: Հուլիսի 26-ի գիշերը այդպիսի գործողությունների շղթան հանգեցրել է փոխհրաձգության, որի արդյունքում եղել են տուժողներ, հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը:

«Զինված խմբի անդամների՝ հետզհետե ավելի վտանգավոր դարձող հանցավոր վարքագիծն անցնում է բոլոր սահմանները, որոնցում հնարավոր է դրսևորել ողջամիտ զսպվածություն: Ուստի, նոր հանցանքների կատարումը կանխելու և խափանելու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունն այսուհետ ստիպված է լինելու ձեռնարկել կոնկրետ իրադրությամբ թելադրված ավելի կոշտ միջոցներ», - ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ լավատեղյակ լինելով հանցավոր խմբի անդամների մտադրություններին և նախապատրաստած հանցավոր արարքներին, զգուշացնում են, որ մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող բոլոր վտանգներն անհապաղ չեզոքացվելու են պատասխան իրավաչափ գործողություններով:

«Զինված խմբի անդամների գործողությունների նախահարձակ և սադրիչ բնույթը հիմնավորվում է նաև օրենքով սահմանված կարգով ստացված հետևյալ ձայնագրությամբ (Ձայնագրություն)», - տեղեկացնում է ԱԱԾ-ն:

Հուլիսի 25-ի երեկոյան, ժամը 20:00-ից մինչև կեսգիշերն ընկած ժամանակահատվածում «Սասնա ծռեր» խմբի անդամները նախ այրել են գնդի տարածքից դուրս, փողոցում կանգնած ոստիկանության ավտոբուսը, ապա գնդի տարածքից փողոց են դուրս բերել ու այրել ևս երկու ավտոմեքենա։

Ոստիկանության փոխանցմամբ, այդ ընթացքում գնդի տարածքից պարբերաբար արձակվել են կրակոցներ։ Ժամը 01:00-ի սահմաններում գնդի տարածքից դուրս է եկել ոստիկանության «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան ու շարժվել դեպի արգելապատնեշում կանգնած ոստիկանական շղթան։ Մեքենան ընդհուպ մոտեցել է շղթային, ինչից հետո իրավապահները մեքենայի ընթացքը կասեցնելու և դրանում գտնվող զինված անձանցից անմիջականորեն բխող իրական վտանգը կանխելու համար, կրակ են բացել մեքենայի շարժիչի վրա։ Մեքենան ձախ կիսաշրջադարձ է կատարել, հնչել են կրակոցներ, որից հետո իրավապահները կրակ են բացել մեքենայի անվադողերի ուղղությամբ։ Ի պատասխան՝ հնչել են կրակոցներ, որոնց իրավապահները չեն պատասխանել։

Հրաձգության հետևանքով մեքենայում գտնվող երեք անձանցից երկուսը ոտքերի վնասվածքներ են ստացել և նահանջել գնդի տարածք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել