«Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը անընդունելի է. Ստեփան ԴեմիրճյանAysor.am-ը գրում է.

«Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավումը անընդունելի է,Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:

«Նման կերպ քաղաքական հարցեր լուծելը անընդունելի է, սակայն որպեսզի բացառվեն նման ծայրահեղ դրսևորումները երկրում պետք է գործի ընտրությունների ինստիտուտը, իշխանությունը պետք է ձևավորվի համաձայն Սահմանադրության: Կյանքի պետք է կոչվի Սահմանադրության երկրորդ անփոփոխ հոդվածը, համաձայն որի՝ ժողովրդի իշխանությունը իրականացվում է ազատ ընտրությունների միջոցով», - հայտարարեց Ս.Դեմիրճյանը:

Նրա խոսքով, նման իրավիճակ չէր լինի, եթե Հայաստանում «պահպանվեին ժողովրդավարական ավանդույթները»:

«Իսկ ի՞նչ ավանդույթներ են ձևավորվել մեզ մոտ՝ ընտրությունները կեղծելով, իշխանությունը բռնազավթելով: ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը դրա հետևանքն է: Պետք է վերջ դրվի ամենաթողությանը, անպատժելիությանը: Կոնկրետ հիմա պետք է պատասխանատվության ենթարկվեն բռնություններ իրականացրած ոստիկանները և դա չպետք է կրի ձևական բնույթ», - ասաց ՀԱԿ պատգամավորը:

Ս.Դեմիրճյանի խոսքով՝ այժմ ամենակարևորն այն է, որ պետք է ամեն ինչ արվի՝ խնդիրը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու համար:

«Ամեն ինչ պետք է արվի նոր զոհեր չունենալու և արյունահեղություն թույլ չտալու համար: Բանակցությունները պետք է շարունակվեն», - ընդգծեցAysor.am-ի զրուցակիցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել