168.am-ը գրում է.

Մահապատիժը Թուրքիայում վերականգնելու հիմք կարող է լինել ժողովրդի ցանկությունը, քան Եվրամիության կարծիքը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը CNN Turk հեռուստաալիքի եթերում:

«Ժողովրդի կողմից կա մեծ սպասում և մահապատժի վերաբերյալ հարցումներ: Մեր նախագահն ավելի վաղ ասել է, որ կստորագրի համապատասխան օրենքը, եթե այն իրեն առաջարկվի»,- հիշեցրել է նա:

Գերատեսչության ղեկավարը հավելել է, որ իշխանությունները զբաղվում են մահապատիժը երկրում վերականգնելու հարցի գնահատմամբ:

«Մենք ուշադրություն կդարձնենք ԵՄ-ի դիրքորոշմանը մահապատժի վերաբերյալ, սակայն առաջնայինը մեզ համար ազգի դիրքորոշումն է»,- ընդգծել է նա:

Վերջինս ուշադրություն է հրավիրել այն բանին, որ «Թուրքիան ԵՄ-ի դռների մոտ սպասում է արդեն 53 տարի», իսկ հիմա՝ հեղաշրջումից ու մահապատժի մասին քննարկումներից հետո ԵՄ-ի համար «դժվար չի լինի Թուրքիայի դեմ որոշումներ կայացնել»:

Խոսելով ամերիկաբնակ թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մասին՝ թուրք նախարարը ասել է, թե պատրաստ է անձամբ գնալ ԱՄՆ՝ տվյալ հարցը քննարկելու նպատակով:

«Մենք ԱՄՆ-ին 4 գործ ենք ուղարկել, որոնք առնչվում են Գյուլենի արտահանձնմանը, խնդրել ենք նրան շտապ կալանավորել»,- Բոզդաղի խոսքերը մեջբերել է TASS-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել