Պայմանավորվածություն է ձեռք բերվել մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցման հարցում. Մաքսիմ ՍոկոլովBarometer.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո ՀՀ վարչապետ, հայկական կողմի համանախագահ Հովիկ Աբրահամյանը և ՌԴ տրանսպորտի նախարար, ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովը նիստի արդյունքների վերաբերյալ մամուլի համար հանդես են եկել հայտարարություններով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:

Վարչապետ Աբրահամյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. “"Հարգելի՛ Մաքսիմ Յուրիի, ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար: Քիչ առաջ ավարտվեցին ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի աշխատանքները: Մենք պարոն Սոկոլովի հետ ստորագրեցինք նիստի արձանագրությունը, որն ամփոփեց նախորդ տարվա ընթացքում հանժնաժողովի կատարած աշխատանքները և սահմանեց մոտ ապագայում մեր համագործակցության հիմնական ուղղությունները և խնդիրները: Միջկառավարական հանձնաժողովի նիստը կարևոր իրադարձություն է երկու երկրների հարաբերություններում: Հանձնաժողովը, լինելով միջպետական հարաբերությունների զարգացման արդյունավետ գործիքներից մեկը, բացառիկ հնարավորություն է ընձեռում երկկողմ հարաբերություններին վերաբերող ամենատարբեր հարցերի քննարկման համար: Այսօրվա նիստում մեր կողմից քննարկված հարցերի շրջանակը բավականին ընդարձակ էր: Քննարկվեցին էկոնոմիկայի, էներգետիկայի, տրանսպորտի, իրավա-պայմանագրային դաշտի, հումանիտար համագործակցության, կրթության, գիտության, մշակույթի և այլ բնագավառներին առնչվող հարցեր: Հատուկ ընդգծվեց առևտրատնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված դրական տեղաշարժը, որի շարունակականությունն ապահովելու համար պետք է օգտագործենք մեր ողջ ներուժը: Ամփոփելով խոսքս՝ կարող եմ նշել, որ նիստն անցավ, ինչպես միշտ, փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտում: Մենք գոհ ենք կատարված աշխատանքով և ձեռք բերված պայմանավորվածություններով, որոնք ունեն անմիջական կիրառական նշանակություն մեր երկրների տնտեսությունների համար: Վստահ եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կիրականացվեն":

Իր հերթին, պարոն Սոկոլովը նշել է. "Մեր աշխատանքն իրականացվում է բացառապես բաց, ինչպես հարիր է իսկական բարեկամներին, գործընկերներին: Այն բոլոր շփումները, աշխատանքները, որոնք իրականացվում են մեր միջկառավարական հանձնաժողովի շրջանակում՝ խոսում է այն մասին, որ սա իսկապես օպերատիվ համաձայնեցման, բոլոր հարցերի լուծման և համատեղ գործողությունների արդյունավետ մեխանիզմ է: Ոչ միայն հանձնաժողովի նիստերը, այլ նաև համանախագահների, աշխատանքային խմբերի ղեկավարների, հանձնաժողովի անդամների հանդիպումներն անցկացվում են պարբերաբար և դա օրինակելի է, քանի որ կապերը շատ սերտ են և իսկապես աշխատանքային: Դա թույլ է տալիս օպերատիվ կերպով լուծել բոլոր հարցերը, և արդյունքները խոսում են իրենք իրենց մասին: Այս տարվա ընթացքում Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է 10 տոկոսով՝ հասնելով 450 մլն դոլարի, հայկական ապրանքների արտահանումը Ռուսաստան ավելացել է մի քանի անգամ, անցնելով 125 մլն դոլարի շեմը, և ակնհայտ է, որ չնայած արտաքին տնտեսական և քաղաքական լարված իրավիճակին՝ Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը: Մեր այսօրվա նիստի օրակարգն ընդգրկել է հարցերի լայն շրջանակ, ինչպես միշտ հիմնական ուշադրությունը դարձվել է էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման, հումանիտար ոլորտում փոխգործակցության ընդլայնմանը: Մենք ամփոփեցինք միջկառավարական հանձնաժողովի նախորդ որոշումները, իսկ դրանք քիչ չեն, 16-րդ նիստի արձանագրությունում եղել է որոշումների գրեթե 60 կետ և դրանցից շատերն իրականացվել են, ինչը լրացուցիչ ազդակ է հաղորդել մեր հարաբերություններին: Այդպես պայմանավորվածություն է ձեռք բերվել մատակարարվող ռուսական գազի գնի նվազեցման, Հայաստանին առանց մաքսատուրքերի նավթամթերքների ապահովման հարցում, լուծվել են Վերին Լարսի անցակետում հատուկ ուղեգծի հատկացման կազմակերպման հարցերը, անցկացվել է ոուս-հայկական միջտարածաշրջանային 4-րդ ֆորումը, Հայաստանում ստեղծվել է հայ-ռուսական հումանիտար համագործակցության արագ արձագանքման կենտրոն: Իհարկե կյանքն առաջ է ընթանում, մենք մեր առջև նոր խնդիրներ ենք առաջադրել, նոր ստորագրեցինք միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի արձանագրությունը, որով մի շարք հանձնարարականներ են տրվել կողմերի գերատեսչություններին և իհարկե այդ հանձնարարականների կատարման ընթացքը կլինի հանձնաժողովի համանախագահների հատուկ վերահսկողության ներքո":

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել