Նոր եմ վերադարձել կինոթատրոնից: Դե երևի էլ չասեմ, ինչ ֆիլմ էի դիտում: Առհասարակ միշտ չեմ հասկացել էն մարդկանց, ովքեր ինչ-որ բանից անտեղյակ` միևնույն է շարունակ քննադատում են, բողոքում, նեղսրտում: Ժողովո՜ւրդ, մեղք եք, ձեզ իզուր եք տանջում, էն էլ` վաղաժամ: Տպավորված եմ, հուզված, ջղայնացած, ափսոսանք եմ ապրում, ցավ, նաև` անսահման ուրախություն, որ նա եղել է, որ կանք մենք...
Իրականում յուրաքանչյուր չափավոր դժգոհություն, ինչպես նաև գովեստ, իրավունք ունի գոյության, սակայն մի բան պարզ է, տարվել է աշխատանք` մեծ աշխատանք, թե որքան է ծախսվել ու որքան պիտի ծախսվեր, ներողություն, բայց ինձ ընդհանրապես չի հետաքրքրում` առավել ևս, որ ես չեմ տվել այդ գումար, ու մանրը ինձ չէ, որ պիտի վերադարձնեին: Նորություն չէ, որ կինոն տեղեկատվական մեծ գործիք է, և լավ է, որ այդ գործիքն օգտագործվում է ի նպաստ արժեքների` թո՛ղ որ որոշ թերացումներով, մի քիչ այլ կերպ, բայց նկարել պետք է, քանի որ գաղափարը ծնում է գաղափար, և փորձի հետ իմաստնությունն էլ է ավելանում:
Հիմա մի քիչ ֆիլմի մասին: Բնականաբար, չեմ պատրաստվում խոսել սյուժեից, քանի որ վստահ եմ՝ ձեզանից շատերը դեռ կունենան այն վայելելու հնարավորություն: Այս ֆիլմում ես ինձ համար կար մեծ բացահայտում` Շանթ Հովհաննիսյանը, ում խաղից անկեղծ տպավորված եմ, ինչը չէի ասի մյուս Նժդեհի` Արտաշես Ալեքսանյանի մասին, ով, ինչ խոսք, տաղանդավոր ու բազմափորձ դերասան է, սակայն, ըստ իս, այս դերն այնքան էլ իրենը չէր: Բայց անկեղծ լինելու համար պիտի նշեմ նաև, որ ֆիլմի ելակետային հատվածում նրան հաջողվեց ինձ փոխանցել այն ողջ իրական հուզական դաշտը, այն ողջ ափսոսանքն ու ցասումը, որ մարդ ապրում է, երբ կորցնում է... ամենակարևորը...
Չգիտեմ, միգուցե շատ պաթետիկ եմ արտահայտվում, բայց սա այն է, ինչ զգացի ու դեռ զգում եմ:
Շնորհակալություն ողջ աշխատանքային խմբին, որ մեր ու գալիք սերնդին ևս մեկ քայլ մոտեցրին մեծ Նժդեհին, բնականաբար նրան լիովին չբացահայտեցին, ինչը, իհարկե, մեկ ֆիլմով հնարավոր էլ չէ:

Հ.Գ. ՀՀԿ-ից չեմ ու չեմ պատկանում Նժդեհի գաղափարախոսության հետ կապ ունեցող որևէ հնարավոր այլ ուժի, կինոքննադատ նույնպես չեմ, արտահայտվում եմ որպես հասարակ կինոդիտող: Հրաչ Քեշիշյանը բարեկամս չի, ու ոչ էլ անձնապես ճանաչում եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել