Artsakhpress.am-ը գրում է.

Բուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը մայիսի 27-ին այցելել է հայաշատ Պլովդիվ քաղաք, որտեղ կայացել է նրա հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը քննարկվել են Պլովդիվի հայ համայնքին հուզող մի շարք խնդիրներ, այդ թվում՝ հայապահպանության, կրթական, մշակութային ոլորտին առնչվող հրատապ հարցեր, ընդգծվեց հայկական կազմակերպությունների և դեսպանության միջև կապի ամրապնդման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում դեսպան Սարգսյանը ներկայացրել է ՀՀ մշակույթի, կրթության և գիտության ու սփյուռքի նախարարությունների կողմից կազմակերպվող բազմաբնույթ գիտակրթական, մանկավարժական և մշակութային ծրագրերը:

 ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկվել են նաև Բուլղարիայի հայաշատ քաղաքներում ՀՀ անկախության 25-ամյակի միջոցառումների կազմակերպման հետ կապված հարցեր:

Մայիսի 28-ին Պլովդիվի համալսարանի պատմահնէաբանական ֆակուլտետում մեկնարկած համաժողովի շրջանակներում դեսպան Սարգսյանը հանդես է եկել դասախոսությամբ՝ հանգամանալից ներկայացնելով Հայաստանը՝ որպես աշխարհում առաջին քրիստոնյա պետություն, Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը: Քննարկվել են Պլովդիվի համալսարանի և Հայաստանի կրթական հաստատությունների միջև համագործակցության հեռանկարները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել