Tert.am-ը գրում է.

Հայաստանի համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 25-րդ համատեղ նիստից առաջ  լրագրողնի հետ զրույցում ասաց, որ դեռ հայտնի չէ, թե ինչպիսի ծրագիր կորոշվի իրականացնել:

«Թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում կան բազմաբնույթ ծրագրեր, որոնք կարելի է  իրականացնել, բայց դժվար է ասել, թե ինչ կորոշվի»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավոր է, որ օգնություն ցուցաբերվի ապրիլյան պատերազմից տուժած բնակավայրերը վերանորոգելու կամ տուժած ընտանիքներին օժանդակելու հարցում,  նա ասաց, որ ապրիլյան պատերազմից տուժած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է օժանդակություն՝ թե՛ վերանորոգման, թե՛ դեղորայքի առումով, ինչպես նաև շուրջ 100 000 ԱՄՆ դոլարի դեղորայք, բժշկական սարքավորումներ և երկու բուժօգնության մեքենա են ուղարկել: «Չնայած չի բացառվում նման որոշում կայացվի»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է անցած տարի իրականացված ծրագրերին, ապա նա ասաց, որ արդեն երկրորդ տարին է, ինչ ընթանում է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի շինարարությունը, , որի ընդհանուր երկարությունը շուրջ 116 կմ է:

«Այս պահի դրությամբ 52 կմ ավարտված է և կսկսվի արդեն կահավորումը ճանապարհի, մնացած հատվածներում աշխատանքները կսկսվեն հենց որ եղանակները թույլ կտան, քանի որ անձրևային եղանակին ասֆալտապատում հնարավոր չէ իրականացնել»,-ասաց նա:

Արա Վարդանյանը պարզաբանեց, որ մինչ տարվա վերջ, եթե եղանակը թույլ տա, կփորձեն աշխատանքներն ավարտել։ Ըստ նրա՝ միայն մեկ՝ մոտ 300 մետր երկարությամբ հատված խնդրահարույց է, քանի որ խորքային ջրեր են կուտակվում :

Խոսելով տների կառուցման մասին՝ նա ասաց, որ այս պահի դրությամբ կառուցվել է 22 տուն ևս 10 տան մրցույթ կհայտարարվի ամռանը։ «Ընդհանուր առմամբ ԼՂ-ում այս պահի դրությամբ կա 200–ից ավելի հինգ և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներ, չի բացառվում, որ ծրագիրը կշարունակվի որպես  հիմնադրամի առանձին ուղղություն, և մի քանի տարվա ընթացքում կարողանանք ապահովել այդ ընտանիքներին տներով»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել