Tert.am-ը գրում է.
Երևանի Վերնիսաժին հարող զբոսայգում այսօր տեղադրված Գարեգին Նժդեհի արձանի քանդակագործ Գագիկ Ստեփանյանը Tert.am-ի հետ զրույցում պնդեց, թե արձանը մեծ հաշվով հաջողված է: «Կապը քանդակի և ճարտարապետական ֆորմայի շատ լավ է ստացվել, դինամիկ է, գեղեցիկ, ճաշակով, մասշտաբով էլ, բոլոր տեսանկյուններից հաջողված արձան է, լավ չի, որ ես եմ իմ արձանի մասին ասում, բայց միևնույնն է՝ ստացվել է, ուղղակի հաջողվել է»,-ասաց նա:

Իսկ այն, որ հանրության շրջանում հնչում են քննադատություններ՝ քանդակագործի համար անսպասելի չէր: Նա նշեց, թե քննադատում են մարդիկ, ովքեր սրճարաններում ու սոցցանցերում միայն դժգոհելու համար են հավաքվում:

«Իրենց բնավորությունն է դա: Կան մարդիկ, ովքեր չիմացությամբ էլ փորձում են ամեն ինչ փչացնել: Երբ  որ ասում են նման է կամ նման չէ, զարմանում եմ. ի՞նչ է Նժդեհի բոլոր նկարները տեսել կամ իսկապես ուսումնասիրե՞լ են: Տեսե՞լ են, թե ինչ կա մեր արխիվներում, իսկ ես կարողացել եմ օգտվել և ստեղծել ամբողջական կերպարը»,-ասաց նա:

Նշենք, որ Նժդեհի արձանն ակտիվ քննարկվում է նաև «Ֆեյսբուք» սոցցանցում։ Հիմնական մասն այն կարծիքին է, որ կերպարը հաջողված չէ, կային գրառումներ այն մասին, որ Գարեգին Նժդեհը շատ նման է Պետրոս Առաջինին, մեկ օգտատեր արձանի վրա նկատել էր Լոմոնոսովի սանրվածքը: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ գրառել է, որ արձանը Նժդեհի կերպարը չէ, «ու մինչև չմոտենաս՝ չկարդաս, թե ով է, չես հասկանա»։ 

Գագիկ Ստեփանյանի խոսքով՝ մեկը կարող է Նժդեհին տեսել է ճաղատ ժամանակ, կամ երիտասարդ տարիներին, երբ ուներ գեղեցիկ, երկար մարզեր, կամ կալանավորված ժամանակ, երբ ավելի նիհար էր ու ոսկորներն էին երևում: «Ես արվեստագետ եմ և ուսումնասիրել եմ ամբողջը, բոլոր նկարները, կերպարը և ապրել եմ այդ հերոսով, կերտել եմ այն, ինչ պետք է: Ի՞նչ է  նշանակում դիկտատոր. կամ խեղճ, կամ հպարտ։ Գիտեք ժողովուրդն ինձ անընդհատ մոտենում՝ շնորհավորում էր, ես բավական լավ արձագանքներ եմ ստացել»,-ասաց նա:

Քանդակագործը նշեց, թե Նժդեհին կերտելիս ներշնչվել է այն  նկարներից, որոնք եղել են ֆիդայի ժամանակ՝ պատրոնդաշով, գլխարկով, հետո Բուլղարիայում ծառայության ժամանակ, երբ նա Անդրանիկի հետ թուրքերի դեմ էր կռվել՝ զինվորական թիկնոցով և շատ այլ ժամանակաշրջանի նկարներից:

«Բայց ես կոնկրետ ժամանակաշրջան չեմ շեշտել, դա հավաքական կերպարն է՝ և՛ մտքի, և՛ կոմպոզիցիայի,և դրան էլ գումարած, երբ հեղինակը իդեալականացնում է հերոսին, չէ՞ որ դա ինչ-որ տեղ լեգենդար մարդ էր, հանճարեղ անհատականություն էր: Դա իմ աշխատանքում շեշտվել է՝ հեռատես մարդու հայացքով, նա ամուր է կանգնած հողին: Իր ասույթն էր՝ «Իմ հոգին զույգ հենարան ունի՝ Աստված և հայրենիք և ես նրան ձուլել եմ հենց այդ հավատքի և  հայրենիքի թիկնոցով, որը մի ամբողջականություն է»,-ասաց նա:

Քանդակագործ Լևոն Թոքմաջյանի բացասական ընկալումները  արձանի մասին  Գագիկ Ստեփանյանը համարեց խանդի դրսևորում: «Հիշում եմ նա անցյալ տարի բացասական բաներ խոսեց, որ չէր սազի իրեն, չէ՞ որ ինքը մասնակցել է , նա խորհուրդ էր ինձ տալիս, որ սարերից իջնեմ քամիներին ընդառաջ, հեռուստացույցով էր նման բաներ ասում, բայց թող ինքն աներ դա, հասկանո՞ւմ եք, ուրեմն, մարդը խանդում է, ազնիվ չէ»,-ասաց նա և խորհուրդ տվեց քննադատողներին ևս մեկ անգամ գնալ և տեսնել արձանը և սեփական կարծիքը կազմել՝ ընդ որում շեշտեց՝ ցանկալի է առավոտյան գնալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել