Tert.am-ը գրում է.
Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը գտնում է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունները՝ կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարի մասին, որոշակի հույսեր են արթնացրել հասարակության, գործարարների շրջանում, և մարդկանց թվում է՝ այդ պայքարն այսուհետև ավելի բարեհաջող կստացվի և փոփոխություններ կլինեն:
 
«Ինչ վերաբերում է այդ հայտարարություններին հավատալ-չհավատալուն, ապա ցանկանում եմ առաջին հերթին, որ իրենք հավատան, որ ուզում են այդ գործն անել, որովհետև այսօրվա տնտեսական վիճակը մտահոգիչ է: Համախառն ներքին արդյունքի մեջ արդեն երեք տարի շարունակ ՀՆԱ-ի մոտ 50 տոկոսը ստվերային է, այսինքն՝ միջին հաշվով մոտ հինգ միլիարդ ստվեր է, դրան համապատասխան  բյուջեի հարկերի 1-1,5 միլիոն դոլարը տարեկան կորում է: Իրավիճակն այնպիսին է, որ լուրջ աշխատանք պետք է տարվի: Այստեղ շատ կարևոր է նաև բոլոր կողմերի վերահսկողությունը, մասնակցությունը, որովհետև մենք, եթե թողնենք ինքնահոսի` ասելով, թե դա միայն իրենց խնդիրն է, իրենք կարող են դա տարբեր արդյունավետությամբ իրականացնել»,-ասաց նա և նշեց, որ վարչապետի հայտարարություններն ուշացած է համարում:

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի արդյունավետ աշխատանքին, ապա նա ասաց, որ խորհուրդը նոր է սկսել աշխատել և արդյունքը միանգամից չի երևա: Ըստ նրա՝ Հայաստանը խրվել է կոռուպցիայի մեջ, դարձել է ամենակոռումպացված երկրներից մեկը:

«Շատ կարևոր է, թե մոնոպոլիաների հարցն ինչպես է կարգավորվելու, բանը նրանում է, որ ոչ էկոնոմիկայի նախարարությունը, ոչ ՏՄՊՊՀ-ն այդքան ռեսուրսներ և նախնական ուսումնասիրություններ չունեն կատարած, որպեսզի շատ արագ՝ այդպիսի կարճ ժամանակահատվածում կարողանան ներկայացնել մոնոպոլիաների պատկերը,
քանի որ դրանք միայն երևացող ընկերությունները չեն, որոնք տեսանելի են: Մոնոպոլիաների մի մասը ստվերային ձևով է աշխատում, քանի որ մեծ մասը չեն ենթարկվում ստուգումների, նրանք ինչ-որ մարդկանց բիզնեսն են ներկայացնում, ինչ-որ մարդկանց հարազատ-բարեկամն են, և անհավասար մրցակցության իրավիճակ են ստեղծում և ստվերային մոնոպոլիաներ են ունենում»,-ասաց նա:

Հարցին, թե դա արդյոք իշխանության թողտվությամբ չի՞ արվում, Գագիկ Մակարյանն ասաց, որ եթե իշխանությունները ցանկական գտնել, կարող են գտնել, բայց այդ կարգի ընկերությունները հազարավոր են, որոնք տարբեր նախարարների, նախկին նախարարների, պատգամավորների տղաների բիզնեսներն են դարձել, և իրենք օգտվում են այդ արտոնություններից բացարձակ իմաստով: 
«Շատ բարդ է գտնել միանգամից բոլորին և այդ կծիկը քանդել, դա ժամանակ է պահանջում և ռեսուրսներ, ես դրա համար ավելի մտահոգ եմ, քանի որ դա մեծ նշանակության ունի տնտեսության մեջ»,-ասաց նա:

Հարցին, թե քաղաքական կամք տեսնո՞ւմ է այդ պայքարում, նա պատասխանեց, որ 60 տոկոսից ոչ շատ:
«Մենք էլ աչալուրջ պետք է լինենք, որ կառավարությունն իր ասածներն անի, պատրանքներ ստեղծել և ինքնախաբեությամբ զբաղվել պետք չի»,-ասաց նա և նշեց, որ թերահավատորեն մոտենալ և չվերահսկելը ճիշտ չէ:

«Սա, կարող է նաև,  իրավիճակը լիցքաթափելու համար է արվում, քանի որ բավականին դժգոհություններ կան, մարդիկ ապրիլյան պատերազմից հետո շատ բան հասկացան, բոլորը տեսան, թե ինչ մակարդակի է հասել խնդիրը, հետևաբար շատ կարևոր է, որ այդ տեսանկյունից խնդիրը կարողանանք մինչև վերջ հասցնել»,-ասաց նա:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել