Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը դիմել է Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Բասին` կոչ անելով հրապարակայնորեն դատապարտել թուրքական մեջլիսում հայազգի պատգամավոր Կարո Փայլանի դեմ իրականացված հարձակումը, ինչպես նաև բարձրաձայնել պատգամավորի անվտանգության ապահովման կարևորության մասին:

Ինչպես նշում է Asbarez-ը, վերջին շրջանում Փայլանը բազմաթիվ սպառնալիքներ է ստացել, ինչպես նաև խորհրդարանում ֆիզիկական հարձակման ենթարկվել` Ցեղասպանության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում իր ունեցած դիրքորոշման պատճառով:

Դեսպան Բասին ուղղված նամակում ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է, որ նույնպիսի իրավիճակ էր ստեղծվել նաև «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի շուրջ: Նախքան 2007թ. տեղի ունեցած սպանությունը՝ ANCA-ն բազմիցս դիմել է Թուրքիայում ԱՄՆ-ի այն ժամանակվա դեսպանին` պահանջելով ապահովել պարբերաբար սպառնալիքներ ստացող հայազգի խմբագրի անվտանգությունը:

«Ցավոք, այդ կոչերն անտեսվեցին, իսկ Դինքի վերաբերյալ պաշտպանական խոսքեր հնչեցին միայն նրա սպանությունից հետո: Ուստի՝ այս ողբերգական օրինակն ունենալով` պետք է գիտակցեք, որ այժմ ճիշտ ժամանակն է, որպեսզի ԱՄՆ-ի կառավարությունն անհապաղ և հրապարակայնորեն բարձրաձայնի Կարո Փայլանի անվտանգության ապահովման հարցն ու դատապարտի նրա դեմ թշնամանական վարք դրսևորողներին»,-նշվել է Համբարյանի նամակում:

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել էր, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները կանխամտածված իրեն թիրախ են ընտրել ծեծկռտուքի ընթացքում։

Bianet-ին տված հարցազրույցում Փայլանն ասել է, որ 10-15 հոգանոց խումբը փորձել է դատաստանի ենթարկել իրեն, հարձակումը կանխամտածված է եղել և պայմանավորված է այն հանգամանքով, որ ինքն իրավունքները պաշտպանող հայ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել