Tert.am-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան կարող է ցամաքային զորք ուղարկել Սիրիա, եթե նման անհրաժեշտություն առաջանա։ Այդ մասին Դավութօղլուն ասել է Al Jazeera-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում։

«Եթե հարկ լինի, մենք զորք կուղարկենք Սիրիա։ Մենք բոլոր միջոցառումները կձեռնարկենք մեր երկրի պաշտպանության համար՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Այդ իսկ պատճառով ինքնապաշտպանական նպատակներով, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում մեր գործողություններն օրինական կհամարվեն»,-ասել է նա։

Դավութօղլուն, սակայն, նշել է, որ Թուրքիան նախկինի պես նախընտրում է միջազգային պայմանավորվածություններին հետևելը։ Նրա խոսքով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործունեությունը խնդիր է, որը բոլորին է առնչվում։

Հիշեցնենք, որ վերջին օրերին թուրքական Քիլիս և Հաթայ նահանգները պարբերաբար հրթիռակոծվում են Սիրիայի տարածքից արձակված հրթիռներով։ Թուրքական կողմի պնդմամբ՝ կրակում են ԻՊ-ի զինյալները, ինչին թուրքական զինուժը պատասխան է տալիս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել