Tert.am-ը գրում է.

Տեղական ապրանքների մրցունակության բարձրացումը ոչ միայն ներդումային տեսակետից պետք է գրավիչ լինի արտադրողի համար, այլ նաև պետք է համապատասխանի որակի անհրաժեշտ պայմաններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով տեղական ապրանքների մրցունակությանը:

«Ներկայումս իրականացվում է մեծածավալ աշխատանք ենթակառուցվածքների հիմնարար բարեփոխումների ուղղությամբ, ինչը թույլ կտա ապահովել մեր ապրանքների և ծառայությունների պատշաճ բարձրակարգ որակական պահանջներ՝ սկսած նախագծումից և ստեղծումից: Դա հնարավորություն կտա միջազգային շուկայում ավելի վստահաբար տեղական արտադրանքը և ծառայություններն իրականացնել»,-ասաց նա և նշեց, որ դրա համար բարեփոխումներ են իրականացվում բոլոր ուղղություններով և առաջիկայում կհրապարակեն դրանց արդյունքները փուլ առ փուլ:

«Երկրորդ կարևոր ուղղությունը տեխնոլոգիական նորարարությունների խթանումն է  ձեռնարկություններում, որպեսզի միավոր ապրանքի կամ ծառայության ինքնարժեքում նվազեն հաստատուն ծախսերը, ինչի արդյունքում մենք կունենանք ավելի ցածր ինքնարժեքով և ժամանակակից որակներին համապատասխան ապրանքներ և ծառայություններ: Երրորդ ուղղությունը արտահանման խթանումն է, այդ թվում՝ նաև երրորդ երկրներում քաղաքականություն վարել, որպեսզի նվաճվեն շուկաներ, օգնել տեղական արտադրողներն ձեռք բերել շուկաները և իրացնելի դարձնել տեղական արտադրությունը»,-ասաց նա և նշեց, որ կան մի շարք թիրախային շուկաներ, և առաջնայինը ԵՏՄ-ն է:

Մյուս կարևորագույն խնդիրը Արծվիկ Մինասյանը համարեց  առևտրային հնարավորությունների ստեղծումը՝ GSP և  GSP+ համակարգը, ինչը լրացուցիչ ջանքեր է պահանջում երկրից, քանի որ այդ համակարգերը հենց այնպես տրված արտոնություններ չեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել