Tert.am-ը գրում է.

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը և Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը կասկածից վեր են համարում, որ գազի սակագնի նվազումը դրական ազդեցություն կունենա սպառողների վրա և գտնում են, որ բացի էլեկտրաէներգիայի նվազեցումից, որ էժանացում կարելի է սպասել շինարարական և ջերմոցային ոլորտներում:


Մամուլի ասուլիսին Արմեն Պողոսյանն ասաց, որ հասարակությունը խիստ շահագրգիռ է այս հարցում, թեև գտնում է, որ ավելի շատ պետք է լիներ նվազումը:

«Հայաստանում ընտանիքների ծախսերի վաթսուն տոկոսը բաժին է ընկնում սննդին, իսկ սննդի մեծ մասն էլ կազմում է՝ հաց, մակարոնեղեն և կարտոֆիլ, 28 տոկոսը բաժին է ընկնում այլ ծառայությունների, և հոգևոր, հասարակական կյանքով ապրելու համար գումար չի մնում»,-ասաց նա և նշեց, որ քաղաքակիրթ երկրներում, եթե ընտանիքում ծախսերի 25 տոկոսից ավելին է բաժին ընկնում սննդին, ապա դա աղքատության գիծ է համարվում:

«Գազի այդ չնչին նվազումը որևէ էական ազգություն չի ունենա ընտանեկան բյուջեի վրա»,-ասաց նա և նշեց, որ իրենք վաղուց առաջարկել են մտցնել դիֆերենցված սակագին՝ գազի և մնացած բոլոր հանրային ծառայություններ համար:

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը նշեց, որ վերջին տարիներին գազի գնի հարցում նկատվում է իջեցման միտում:

«Վերջին երկու տարում սահմանին 40 դոլարով էժանացել է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե Հայաստանում գների առումով ավելի զգայուն են բարձրացման հարցում, քան նվազման՝ նա ասաց. «Ամբողջ աշխարհում է այդ խնդիրը՝ գները ավելի հեշտ բարձրացնում, քան իջեցնում են: Բիզնեսը հակված չէ իջեցնելու թողարկած ապրանքի գինը»։

Տնտեսագետն ասաց, որ Հայաստանում համակարգային տնտեսական քաղաքականությունն է բացակայում, և տրվում են իրավիճակային լուծումներ:

Արմեն Պողոսյանն էլ նկատեց, որ Հայաստանում գները բարձանում են, բայց եկամուտները չեն աճում:

«Խնդիրն այն է, որ մենք չունենք տնտեսական զարգացման հստակ քաղաքականություն, այն ինչ հիմա արվում է, ես համարում եմ կարկատանային քաղաքականություն»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել