«Ոչ թուրքական ապրանքներին». ահա այսպես սկսեց իր խոսքը «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը՝ մեկնաբանելով Հայաստան թուրքական ապրանքների ներկրումը սահմանափակելու հարցը։
«Մենք դեռևս 2001-ին ասել ենք, որ պետք է վերջ դրվեն թուրքական ապրանքերի մուտքը Հայաստան։ Ես մերժում եմ բոլոր այն խոսակցությունները, թե ինչքանով կվնասենք Թուրքիային, կամ Հայաստանին։ Եթե մենք ապրիլի 24-ին հրապարակայնորեն այրում ենք թուրքական դրոշը, ապա պետք է նախևառաջ հանենք մեր հագի թուրքական հագուստը։ Այս հարցը պետք է կենտրոնացնել մեկ բառի շուրջ, այն է՝ արժանապատվություն»,- ասաց Պողոսյանը։
Որպես թուրքական ապրանքին այլընտրանք՝ Արմեն Պողոսյանը առաջարկեց անգլիականը կամ գերմանականը՝ որպես բարձր որակի ապրանքները՝ կամ էլ չինականը՝ ավելի մատչելի և որակապես ավելի վատը։
«Ով ինչքան կարողանում է, գնում է։ Բայց թուրքական ապրանք գնելը ընդունելի չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է բացարձակ արգելանք դրվի թուրքական ապրանքների վրա կամ պետք է բարձրացվի մաքսային հարկը, իսկ մեկ ուրիշ երկրից բերվողի մաքսը իջեցվի կամ հասցվի զրոյականի։