Tert.am-ը գրում է.

Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ։ ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ:

Աշխարհի տարբեր անկյուններում տեղի ունեցող` բռնություն կամ անհանդուրժողականություն բովանդակող երևույթների և իրադարձությունների որոշակի մասն ուղղված է ազատության դեմ` ապրելու ազատության, մտածելու ազատության, գործելու և, իհարկե, խոսելու ազատության դեմ: Որպես ազատության այս դրսևորումների և հատկապես խոսքի ազատության լավագույն կրողներ և իրացնողներ՝ լրագրողներն այդ իրադարձությունների կիզակետում են: Ազատությունն ամբողջովին ապահովագրված չէ թե՛ թեժ կետերում, թե՛ անգամ ամենաժողովրդավարական ու ամենաքաղաքակիրթ ընկալվող հասարակություններում, ինչի ականատեսն ու արձանագրողն առաջինը հենց լրագրողներն են` հասարակության տեղեկացվածությունն ու ազատ խոսքի իրավունքը երբեմն ապահովելով նաև իրենց ազատության և, ցավոք, նաև կյանքի գնով:

Պետությունների պատմության հետ մեկտեղ գրվում է նաև նրանցում գործող մամուլի պատմությունը: Այս տարի Հայաստանի անկախության 25-ամյակի հետ լրանում է նաև հայկական ազատ մամուլի պատմության քառորդ դարը, թեպետ որոշ լրատվամիջոցներ նույնիսկ ավելի տարիքով են, քան մեր անկախությունը: Նրանք բոլորն էլ մեր երկրի ժամանակակից պատմության տարեգիրներն են, որոնք, անկախ հնչող գնահատականներից, ազատ են իրենց մտածելակերպում և գործելակերպում, ազատ են իրենց ընտրության մեջ, և ազատության տարբեր ըմբռնումներով հանդերձ` միասնական ըմբռնում ունեն հայրենիքի ու պետականության կարևորության մասին: Այդպես էր արցախյան պատերազմի առաջին իսկ օրերին և ողջ ընթացքում, այդպես է ապրիլյան մերօրյա պատերազմի առաջին իսկ օրից:


Ժողովրդավարական պետության և քաղաքացիական հասարակության կայացման առումով ազատ խոսքը կարևորագույն նշանակություն ունի թե՛ զարգացող երկրներում, թե՛ այնտեղ, որտեղից երբեմն գնահատականներ են հնչում այդ երկրներում խոսքի ազատության և ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ: Ի պատիվ թե՛ մեր հասարակության, թե՛ նրա զարգացման գործընթացի անբաժան մասը հանդիսացող լրատվամիջոցների՝ կարող ենք արձանագրել, որ ազատ խոսքը մեզանում նախընտրելի է և գնահատելի, հնչուն և ուսանելի:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ, զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, խաղաղություն, լավատեսություն, բարեկեցություն և ամենայն բարիք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել