Արցախյան պատերազմի առաջին օրերին պաշտպանության բանակի զոհված սպաներից երկուսը՝ Հովսեփ Կիրակոսյանը եւ Աշոտ Շահբազյանը «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամի կամավոր դոնորներ էին: Հիմնադրամից այսօր տեղեկացրել են, որ Հովսեփ Կիրակոսյանը եւ Աշոտ Շահբազյանը որպես ՈԴՀՌ կամավորագրվել են ռեեստրին 2006 ից 2010 թվականներին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կազմակերպված ամենամյա դոնորագրումների ժամանակ:

«Յուրաքանչյուր հայ զինվորի կորցրած կյանք շատ մեծ վիշտ է մեր բոլորի համար», – ասաց Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի նախագահ Դր. Ֆրիդա Ջորդանը, ապա հավելել,­«Այսօր, երբ մենք պարզեցինք, որ Հովսեփ Կիրակոսյանը եւ Աշոտ Շահբազյանը եղել են մեր հիմնադրամի կամավոր դոնորներ, մեր վիշտը ավելի խորն է, իսկ հիացմունքը նրանց անձնուրացության եւ հերոսության հանդեպ էլ ավելի մեծ:

Մեր զինվորները դեռ ուսանողական տարիներից պատրաստ են եղել փրկել մարդկային կյանքեր ոչ միայն ռազմի դաշտում`պաշտպանելով մեր հայրենիքը, այլ նաեւ խաղաղ պայմաններում`օգնելով արյան քաղցկեղից տառապող հիվանդներին:

Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհված զինվորների եւ սպաների ընտանիքներին: Ամեն տարի «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի տասնյակ այլ հաստատություններում, բուհերում, համայնքային կենտրոններում եւ ՀԿ­ներում անցկացնում է դոնորագրումներ: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ամենամյա ներդրումը ՈԴՀՌ հիմնադրամի ընտանիքի կայացման գործում շատ մեծ է եւ կարեւոր: Հայ զինվորները եւ սպաները կազմում են մեր կամավորների ստվար մասը: Նրանք ոչ միայն կամավորագրվել են ՈԴՀՌ հիմնադրամին, այլեւ նրանցից երկուսը՝ Արտակ Լազյանը եւ Հովհաննես Ալիխանյանը փրկել են մարդկային կյանքեր՝ նվիրաբերելով իրենց ցողունային բջիջները փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդներին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել