Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ընթանում է 22-ամյա Արևիկ Ա.-ի, նրա մայրիկի՝ 42-ամյա Գրետայի, 19-ամյա ընկերուհու՝  Լենայի ու 35-ամյա ծանոթի՝ Գագիկի գործի դատական քննությունը (բոլոր անունները փոխված են):

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արևիկը փոխադարձ համաձայնությամբ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել նույն մարզի ընտանիքատեր բնակիչ, իրենից տարիքով մեծ Կոլյայի հետ:

Այնուհետև, 2014 թվականի հոկտեմբերի վերջին Արևիկն իր մայրիկ Գրետայի հետ, նախնական համաձայնությամբ, Կոլյային են ներկայացրել Արևիկի հետ սեռական հարաբերությունների տեսաձայնագրությունները և սպառնացել են հրապարակել դրանք ու խայտառակել նրան:

Արևիկն ու մայրը Կոլյայից ու նրա որդուց ,պահանջել և հոկտեմբերի 31-ին ստացել են 800 հազար դրամ կանխիկ գումար:

Արևիկը գրավոր պարտավորվել է ոչնչացնել տեսանկարահանված նյութերը:

Սակայն գործը հետագա «զարգացում» է ունեցել՝ ըստ մեղադրանքի: Արևիկը չի հանդարտվել և ընկերուհու՝ Լենայի հետ միասին, իրենց համաքաղաքացի Գագիկի օժանդակությամբ 2015 թվականի հունիսի սկզբներին Կոլյային արատավորող նույն տեսաձայնագրությունները հրապարակելու, նրան խայտառակելու սպառնալիքով նրա որդուն են ներկայացրել Գագիկի թելադրանքով գրված նամակը:

Կոլյային արատավորող տեսաձայնագրությունները չհրապարակելու համար այդ նամակով արդեն պահանջել են… 20 հազար դոլար…

Արևիկ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով շորթում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3.1կետերով, ինչպես նաև 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Արևիկի մայրիկ Գրետային մեղադրանք է առաջադրվել առաջին դրվագով կատարված շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3.1 կետերով:

Արևիկի ու նրա մայրիկի խափանման միջոցը կալանավորումն է:

Լենա Ա.-ին մեղադրանք է առաջադրվել երկրորդ դրվագով կատարված շորթման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Գագիկ Գ.-ին մեղադրանք է առաջադրվել երկրորդ դրվագի շորթմանն օժանդակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Լենայի ու Գագիկի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Այս գործով առաջիկա նիստը տեղի կունենա մարտի 2-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել