Tert.am-ը գրում է.

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) այսօր հրավիրել էր «Եվրոպական կառույցներում արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ընդունված բանաձևերի քաղաքական նշանակությունը» թեմայով քննարկում: Քննարկմանը մասնակցում էր նաև նախկին ԱԳ նախարար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով լսողի դերում էր: 

 

Դիտարկումը մեկն էր՝ միջազգային տարբեր կառույցներում հայկական կողմը պետք է նոր դաշտ ձևավորի, ընդունված բանաձևերը հետագայում հղումներով օգտագործելուն հակադարձելու համար:

 

ՌԱՀՀԿ փորձագետ Մանվել Սարգսյանը տեսակետ հայտնեց, թե տենդենց է դարձել, որ ՀՀ դիվանագիտությունն արտաքին քաղաքականությունում կանգնել է դժվար լուծելի հարցի առաջ:


«Ադրբեջանը տասը տարի որդեգրել է մի քաղաքականություն, տարբեր միջազգային հարթակներում իր համար նպաստավոր բանաձևեր ունի և ամեն կերպ փորձում է իրականացնել իր իրավունքը ԼՂ վրա: ՀՀ-ի համար կարծես փակուղային վիճակ է ստեղծվել, որդեգրել են մի թեզ, որ անթույլատրելի է՝ Մինսկի խմբից դուրս քննարկելի դարձնել ԼՂՀ-ն։ Անընդունելի է մոտեցում է, և այս թեզը պաշտպանվում է մինչև հիմա»,-ասաց նա:

 

Մանվել Սարգսյանը նկատեց, թե քաղաքական առումով Ադրբեջանն ավելի ու ավելի իրավունքներ է ստանում, թեև հայկական դիվանագիտությունը պնդում է, թե տարբեր միջազգային կառույցների կողմից ընդունված բանաձևերը ԼՂ հարցով իրավական ուժ չունեն: Բայց, ըստ նրա, ունենալով նման բանաձևեր՝ Ադրբեջանը մտածում է՝ մենք կարող վերցնել, մեր թոռները կվերցնեն, ինչը կարևոր է:

 

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կարևորում է նման քննարկումները և շեշտում, որ դիվանագիտությունը միայն ԱԳՆ-ի կողմից չէ, որ իրականացվում է։ Կան խորհրդարանական, քաղաքական և տարբեր հարթակներ, որոնք մեկ  ուղղությամբ պետք է աշխատեն հայկական շահերին առնչվող հարցերում:

 

Թևան Պողոսյանի համոզմամբ՝ ԵԽԽՎ-ի շրջանակների հետ կապված բանաձևերի վտանգը այդքան էլ լիարժեք չի գիտակցվում: Ըստ նրա՝ շատ դեպքերում նույնիսկ չենք գիտակցում՝ ԵԽԽՎ-ն ինչ է նշանակում, և թե ինչու ենք անդամակցել ընդհանրապես:

 

«ԵԽԽՎ-ով հետաքրքրվում ենք այն ժամանակ, երբ Ադրբեջանը քննարկման է դնում մեզ վերաբերող բանաձևեր»,-ասաց նա:
 

Պատգամավորը նշեց, թե Ադրբեջանը հետաքրքիր լոբբիստական բուրգ է ձևավորել և կարողում է իր հարցերը առաջ տանել:


«Տեխնիկական իմաստով ճիշտ, թե սխալ քայլեր ենք արել, դժվար է գնահատել, հայկական կողմից միակ փորձը, եթե արվել էր, դա բոյկոտային միջոցն է եղել»,-ասաց նա:
 

Պողոսյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը, բացի պատերազմից, պայքարի այլ մեթոդ չի դիտարկում, իսկ այս ձևակերպումները նրան պետք են, որոնք ապագայում ռազմական լուծումներին կցեն:


«Բանաձևերը չունեն լուրջ նշանակություն, եթե ունես հզոր տնտեսություն, քո բանակը կանգնած է այնտեղ, որտեղ կանգնած է: Բայց քաղաքական իմաստով գլխացավանքերի խնդիր է. հետո կտանի ԵԱՀԿ պառլամենտական ասամբլեա, գրքեր կհրապարակվեն, բոլոր տեղերում այս հղումները կներկայացվեն, և աշխարհը կօգտագործի օկուպացման ձևակերպումը ցանկացած պարագայում՝ հղումների համար»,-ասաց նա և նշեց, թե պետք է նոր դաշտ ձևավորվի այս հղումներին հակադարձելու համար, հակառակ պարագայում կարող է մի օր Հայաստանի դեմ օգտագործվել:

 

Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի համոզմամբ՝ ՀՀ-ի համար ամենախոցելի ոլորտը՝ ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների ոլորտն է:


«Որտեղ մեր բացթողումները, երբեմն նաև ավելացված առումով, տեսնում ենք տարբեր պառլամենտական ֆորմատներում»,-ասաց նա և նշեց, որ եթե խնդիր ունես ասենք ուկրաինական հարցում, դա ազդելու է բանաձևերի քվեարկությունների վրա:

 

«Մենք ունեք խնդիրներ երկկողմ ֆորմատով, որը ոչ թե անձնական գործոնի, այս կամ այն դեսպանի աշխատանքի խնդիր է, այլ ինստիտուցիոնալ մակարդակով է: Ուժեղ են հակառուսական տրամադրությունները, որն անդրադառնում է քվեարկության արդյունքներին»,-ասաց նա:

 

Ըստ Մինասյանի՝ այդուհանդերձ չպետք է մոռանալ, որ արցախյան հարցի հիմնական լուծումը գտնվում է հենց Արցախում:

 

«Շատ հաճախ մոռանում ենք, որ կա պատերազմի սկսման վտանգ, որը կարող է ի հայտ գալ մի քանի ժամվա ընթացքում, և պետք չէ ընկնել այլ պատրանքների ու միֆերի հետևից»,-ասաց նա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել