varchAraratnews.am-ը գրում է.

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլին: Կառավարության ղեկավարը կարեւորել է Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի համագործակցությունը ՀՀ քաղաքական կուսակցությունների հետ: Անդրադառնալով Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը՝ վարչապետը նշել է, որ մեր երկիրը պատրաստակամ է առաջ մղելու ԵՄ-ի հետ փոխգործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերում: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ Եվրոպական խորհրդարանի միջեւ կապերի հետագա սերտացումը՝ ավելացնելով, որ խորհրդարանական համագործակցությունը լավ հարթակ է քննարկելու ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանն ուղվված հարցեր:

Յան Զահրադիլը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար եւ նշել, որ Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքը շահագրգռված է էլ ավելի զարգացնելու ու խորացնելու միջկուսակցական համագործակցությունը՝ այդպիսով նպաստելով նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների ակտիվացմանն ու ամրապնդմանը:

Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությամբ, հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտման, ինչպես նաեւ բանաձեւերի միջոցով խաթարել բանակցային գործընթացը, որն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Հովիկ Աբրահամյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ Հայաստանը ԼՂ հիմնախնդրի կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների միջնորդությամբ ընթացող գործընթացի շրջանակում՝ խաղաղ բանակցությունների ճանապարհով:

Իր հերթին, Եվրոպայի պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի նախագահը շեշտել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով՝ միաժամանակ նշելով, որ դեմ է հարցը այլ միջազգային կառույցների հարթակ տեղափոխելուն եւ միակողմանի բանաձեւեր ընդունելուն:

Հանդիպման ընթացքում վարչապետ Աբրահամյանը եւ պարոն Զահրադիլն անդրադարձել են նաեւ տարածային զարգացումներին առնչվող մի շարք հարցերի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել