Life.panorama.am-ը գրում է.

Հենց ամուսնուս խորհրդով ես կարող եմ համաձայնվել անգամ համարձակ տեսարաններում նկարահանվել. Էմմա Մանուկյան


Life.panorama.am-ի զրուցակիցն է «Բանակում» հեռուստասերիալից մեծ տարածում գտած Մարին՝ նույն ինքը դերասանուհի Էմմա Մանուկյանը: Այս շրջանում դերասանուհին խաղում է «Վերջին հայրիկը» հեռուստասերիալում, իր իսկ խոսքերով, կրկին մարմնավորելով իր մարդկային տեսակի հետ կապ չունեցող հերոսուհու.

«Վերջերս մեկնարկած, բայց արդեն բավականին խոստումնալից սերիալում՝ «Վերջին հայրիկում» ես էլ եմ նկարահանվում, որի համար շատ ուրախ եմ: Այս սերիալի հիմքում ընկած է բավականին հուզիչ, բայց ամենակարեւորը անկեղծ թեմա: Այստեղ իմ կերպարի հետ կապված հետագա մանրամասներ չգիտեմ, ընթացքում տեղի կունենան նոր զարգացումներ, միայն կարող եմ ասել, որ մարմնավորում եմ մի կնոջ, ում հետաքրքրում է  միայն փողը, նա ամեն գնով ուզում է շատ փող ունենալ, որպեսզի ծախսի դրանք իր քմահաճույքով: Իմ կերպարը չունի ոչ մի հետաքրքրություն, ոչ մի նպատակ, նրա գերխնդիրը գումարն է, որը ըստ նրա, կարելի է ձեռք բերել անգամ առանց աշխատելու, այսինքն՝ ես մարմնավորում եմ սպառող, պահանջատեր կնոջ, որի նմանները մեր օրերում բավականին շատ են: Իհարկե, այս կերպարը ինձ հետ կապ չունի, առհասարակ կերպարի՝ ինձնից տարբեր լինելու խնդրի ես միշտ եմ բախվել, կարելի է ասել, որ այսքան ժամանակ իմ կերտած բոլոր կերպարները ինձ հետ նմանություն չեն ունեցել, ինչը միշտ իրենից դժվարություններ է ներկայացրել»,- նշեց նա եւ հավելեց.

«Որեւէ հերոսի կերտելիս՝ իմ առաջ նպատակ չեմ դնում ցույց տալ, թե ինչքան վատն է նա, թե պետք չէ նրա նման լինել, ես ուղղակի ներկայացնում եմ տվյալ մարդկային տեսակը, որը մեր իրականության մեջ գոյություն ունի, եւ հետեւություններն էլ թողնում եմ հեռուստադիտողին. նա պետք է որոշի, թե ինչպե՞ս է ընկալում իմ կերտած թեկուզ բացասական հերոսուհուն»:

Խոսելով Էմմա Մանուկյանի այլ զբաղվածությունների մասին՝ դերասանուհին նշեց. «Կան ծրագրեր թատրոնի համար, բայց ոչ կոմերցիոն ներկայացումների շրջանակում, պարզապես դեռ չեմ ուզում դրանց մասին խոսել: Կարող եմ ասել, որ շատ շուտով այս առումով նորություն կլինի»:

Ընդ որում, Էմման նկատեց, որ թատրոնին մեծ տեղ է տալիս. «Առանց ուռճացնելու, իսկապես թատրոնը ինձ համար շատ կարեւոր է եւ մեծ տեղ ունի իմ կյանքում, իմ տեղն այնտեղ է: Երբ աղջիկս փոքր էր, չէի կարողանում  շատ ժամանակ տրամադրել ու կենտրոնանալ թատրոնի վրա, սակայն հիմա արդեն փորձում եմ գրեթե  ողջ ուժերս կենտրոնացնել հենց թատրոնի վրա, անգամ հեռուստատեսային աշխատանքում փորձում եմ զբաղվածությունս պակասեցնել, որպեսզի մեծ ժամանակս մնա թատրոնին»,- պատմեց դերասանուհին:

Վերհիշելով անցած ճանապարհը՝ սխալների ուղղման մասին խոսելիս, Էմմա Մանուկյանը նկատեց. «Անցած ճանապարհումս չեմ կարծում, որ ճակատագրական սխալներ եմ գործել, որոնց համար ամաչում եմ, կամ կցանկանամ ժամանակը հետ տալ եւ ուղղել դրանք, բայց ինչ խոսք, կան վրիպակներ հատկապես իմ խաղի որակի հետ կապված: Ես միշտ դժգոհ եմ ինձնից, ընդ որում դժգոհ եմ ոչ միայն օրինակ երեք տարի առաջվա խաղիցս, այլեւ դժգոհ եմ իմ երեկվա խաղիցս: Ինքս ինձ խանգարելու աստիճան ինքնաքննադատ եմ, ես միշտ փորձում եմ ավելի լավը լինել, ավելի կատարելագործվել, ինչը կարծում եմ, բարձրացնում է նույն իմ մասնագիտական որակը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել