Lurer.com–ը գրում է.

Իտալիայի «Հյուսիսային լիգա» (Lega Nord) կուսակցության ղեկավար Մաթեո Սալվինին հայտարարել է, որ եթե Թուրքիան մտնի Եվրամիություն, ապա Իտալիան պետք է անհապաղ դուրս գա այդ միությունից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, իտալացի կուսակցապետը գրառել է Twitter-ի իր էջում` անդրադառնալով Բրյուսելում Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի այն հայտարարությանը, որ Թուրքիան արագացնում է ԵՄ անդամակցության գործընթացը:

«Եվրոպան Թուրքիային 3 մլրդ եվրո է նվիրել փախստականների հոսքը կանխելու համար: Իսկ այդ որոշումն ընդունողներն ուզում են, որ Թուրքիան մտնի ԵՄ: Եթե նրանք մտնում են, ապա մենք պետք է դուրս գանք», -նշել է իտալացի քաղաքական գործիչը, որը նախկինում եւս բազմիցս դեմ է արտահայտվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը:

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը դեմ է արտահայտվել նաեւ Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը` հայտարարելով, որ այդ երկիրը շատ հեռու է ԵՄ-ից:

« ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության նոր փուլ է բացվել, որը երկխոսության հնարավորություն կընձեռի: Օրակարգ են բերվել մարդու իրավունքների, դատաիրավական համակարգի անկախության եւ մամուլի ազատության ապահովման հետ կապված հարցեր: Այդ առումով` Թուրքիայի լիիրավ անդամակցությունը դեռ շատ հեռու է»,-ասել է նա:

Թուրքիային ԵՄ կողմից հատկացված 3 մլրդ եվրո գումարի հետ կապված՝ Շարլ Միշելը պարզաբանել է, որ այդ գումարը հատկացվում է «փախստականների առողջության, կրթության եւ նման խնդիրների լուծման» համար եւ ընդգծել, որ «եթե Թուրքիան պահանջվող պայմանները կյանքի չկոչի, ապա Բելգիան ֆինանսապես չի ներգրավվի այդ գործընթացում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել