Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Կարեն Թ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ:

Ըստ մեղադրանքի՝ ժամկետային զինծառայող, 20-ամյա շարքային Կարեն Թ.-ն, ով դասակի տնտեսական ջոկի խոհարար է եղել, 2015 թվականի հունվարի 23-ից մինչև փետրվարի 6-ը նշանակված է եղել մարտական հերթապահության:

Հունվարի 27-ին, ժամը 19-ն անց 30-ի սահմաններում կատակելու, դիրքի ավագ, դասակի հրամանատար Վահագն Մ.-ին վախեցնելու նպատակով խոհարար Կարենը խախտել է մարտական հերթապահություն կրելու կանոնները:

Նա բարձրացել է գետնատնակի տանիք, այնտեղ ոտնահետքեր է թողել, որից հետո դիրքի ավագին ստել ու զեկուցել է, թե գետնատնակի տանիքին մարդ է տեսել:

Ասածը հավաստի դարձնելու նպատակով նա քարեր է նետել իբր՝ իր տեսած մարդու ուղղությամբ:

Արդյունքում հերթապահության նշանակված անձնակազմը անկանոն կրակ է բացել զինվորի ցույց տված ուղղությամբ՝ ծախսելով ռազմամթերքը:

Ըստ մեղադրանքի՝ զինվորի հակաօրինական արարքի պատճառով խաթարվել է մարտական հերթապահության բնականոն ընթացքը, անձնակազմի մոտ խուճապ է առաջացել, անհարկի օգտագործվել է ռազմամթերքը:

Կարեն Թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 1-ին մասով:

Դատարանում Կարեն Թ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված կարգով:

Դատարանը հաշվի է առել, որ Կարեն Թ.-ն կատարել է զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություն, ինչով էական վնաս է պատճառել:

Կարեն Թ.-ն մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել է 3 ամիս ազատազրկման: Պատժի սկիզբը կհաշվվի նրան փաստացի կալանքի տակ առնելու օրվանից:

Դատավճիռը բողոքարկել է պաշտպանական կողմը՝ խնդրելով Կարեն Թ.-ի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել և նրան իրական ազատազրկման չդատապարտել՝ սահմանելով փորձաշրջան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել