Tert.am-ը գրում է.

«Այո և ոչ» հեռուստանախագծի 18-րդ օրը հյուսիսային ուղղությունը քարոզարշավը սկսեց Գեղարքունիքի մարզի Նորաշեն համայնքից: «Այո»-ի կողմնակիցներից, «Հանրապետական» պատգամավոր Մարգարիտ Եսայանն ընդգծեց, որ Սահմանդրության նախագիծը կազմվել է 14 քաղաքական ուժի առաջարկների հիման վրա ու վերջնական տարբերակը երկու տարվա քննարկումների արդյունքում է ձևավորվել: 

«Եղել են խորհրդարանական լսումներ, ընդունվել են խմբակցությունների առաջարկները, ուրիշ բան, որ մի խմբակցություն 50 առաջարկ է արել, բայց 10-ն է ընդգրկվել, իհարկե, բոլոր առաջարկները չէին կարող ընդգրկվել»,- ասաց նա:

Մարգարիտ Եսայանն ընդգծեց, որ այլևս մեծամասնական ընտրակարգով պատգամավորների չեն ընտրելու, ընտրելու են միայն կուսակցություններ:

«Իշխանությունն էլ կձևավորվի այդ կուսակցությունների միավորման արդյունքում, նրանք ովքեր չեն ուզի միանալ, կմնան ընդդիմություն: Իշխանությունը որևէ հարց ու պաշտոնյանի նշանակում չի կարող իրականացնել, առանց ընդդիմության ձայների: Իսկ կառավարությունը տարին գոնե երեք անգամ հաշվետու պետք է լինի խորհրդարանի առաջ՝ ներկայացնելով ինչ է խոստացել, ինչ է արել և ինչ չի արել: Եթե խորհրդարանը տեսնի, որ լավ չի իրականացնում կառավարությունն իր ծրագիրը, կարող է փոխել վարչապետին ու կառավարությանը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նոր սահմանադրության պարագայում ցանկացած պաշտոնյայի «կռիշան» լինելու է իր աշխատանքը և տված արդյունքը:

«Ոչ»-ի կողմնակիցներից, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Նարեկ Այվազյանն էլ նշեց, որ 10 տարուց ավելի է ՀՀԿ-ն է իշխանության ու հիմա եկել են ու ասում են վատ են կառավարել՝ մեղքը գցելով Սահմանադրության վրա:

«Շատ երիտասարդներ գնում են, որովհետև աշխատանք չեն գտնում, անարդար միջավայրում են ապրում, օրենքը հավասար չէ բոլորի համար, բայց Սահմանադրության մեջ շատ լավ հոդվածներ կան, արդյո՞ք դրանք կյանքի են կոչվում: Երկիրը լավը դարձնելու հնարավորությունը հիմա էլ իրենց ձեռքում է, ի՞նչն է խանգարում վերացնել աղքատությունը, գործազրկությունը, կոռուպցիան, հիմա ասում են՝ մեղավորը Սահմանադրույթյունն է... նրանք հավատ չեն թողել»,-ասաց նա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել