unnamed-(3)Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.

«Դատախազության հարգելի՛ աշխատակիցներ եւ վետերաններ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ:

Մենք ամեն տարի նշում ենք այս տոնը ու կարեւորում ձեր չափազանց պատասխանատու եւ պահանջված աշխատանքը մեր երկրի կյանքում ու Արցախի պետականաշինության գործընթացում: Դատախազությունը մեր հանրապետության այն կառույցներից է, որն իր ամենօրյա բարդ ու դժվարին աշխատանքով պաշտպանում է պետության ու հասարակության շահերը, պահպանում օրինականությունը, կազմակերպում անզիջում պայքար հանցավորության դեմ: Եվ պատահական չէ, որ գերատեսչության առջեւ ծառացած խնդիրները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում, հետեւողականորեն արվում է հնարավորը ձեր աշխատանքային պայմանների բարելավման, սոցիալական հարցերի լուծման ուղղությամբ:

Թանկագի՛ն բարեկամներ,

Դատախազության օրվա առթիվ մեկ անգամ եւս շնորհավորում եմ ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել